ՈՒշագրավ: Դատախազը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեղադրյալ  Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննության դատական նիստում  մեղադրող կողմ` դատախազ  Պետրոս Պետրոսյանը, դատարանին ներկայացրեց առաջին բողոքը:

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Քոչարյանի կալանքը փոխելու և անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, ապա նաև քրեական գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության և մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչների բողոքի քննությունը:

«Առաջին ատյանի դատարանը որոշում կայացնելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ  վարույթի ներկա փուլում գործի բոլոր նյութերին, գործով անցնող անձանց ամբողջական շրջանակին ծանոթ լինելու պայմաններում առավել բարձր է այդ անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելը և արդարադատության իրականացումը խոչընդոտելու ռիսկը»,- նշեց Պետրոսյանը:

Ըստ նրա` արդարադատությանը խոչընդոտելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ պետք է կալանավորումը ընտրվի որպես խափանման միջոց, իսկ այլ խափանման միջոցները գործուն երաշխիք չեն կարող համարվել:

«Առաջին ատյանի դատարանի դատական ակտը օրինական, պատճառաբանված և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ: Ուստի դատարանին խնդրում եմ բեկանել և կայացնել նոր դատական ակտ, ինչպես նաև կիրառել խափան միջոց կալանավորումը»,- եզրափակեց Պետրոսյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: