ՈՒՇԱԳՐԱՎ: Զինվորի եղբայրը դանակահարել է ավագ լեյտենանտին…ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Սարդարյանի նախագահությամբ ավարտվել է Խաչիկ Հ.-ի, Անդրանիկ Ղ.-ի և Ռաֆիկ Պ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 27-ամյա  Խաչիկ Հ.-ն, հանդիսանալով դասակի հրամանատար, կոչումով՝ ավագ լեյտենանտ, 2017 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը 10-ի սահմաններում ծնողներին կրկին տեսակցության գնալը չթույլատրելու պատճառով իրեն հակաճառող ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Պ.-ի նկատմամբ ստորադասության հարաբերությունների առկայության պայմաններում զորանոցում բռնություն է գործադրել՝ մեկ անգամ ապտակել ու ֆիզիկական ցավ է պատճառել:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ դասակի հրամանատար Խաչիկ Հ.-ն 2017 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 12-ի սահմաններում վերհիշելով օրեր առաջ շարքային Նարեկ Պ.-ի կողմից իրեն հակաճառելու դեպքը, դարձյալ բռնություն է գործադրել նույն զինվորի նկատմամբ՝ մեկ անգամ ապտակել է՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ըստ մեղադրանքի՝  26-ամյա Անդրանիկ Ղ.-ն, հանդիսանալով վաշտի հրամանատար, կոչումով՝ կապիտան, 2017 թվականի հոկտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 6-ն անց 50-ի սահմաններում ֆիզպատրաստության  պարապմունքի շարքից ուշանալու պատճառով զորանոցում ստորադասության հարաբերության առկայության պայմաններում ծեծել է ժամկետային զինծառայող, շարքային նույն Նարեկ Պ.-ին՝ ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցրել նրան:

Բացի այդ, ըստ մեղադրանքի,  վաշտի հրամանատար Անդրանիկ Ղ.-ն նույն օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 7-ն անց 45 րոպեին զինծառայողին ոչ վայել պահվածք դրսևորելու պատրվակն օգտագործելով՝ դրսևորել է սպային ոչ վայել պահվածք՝ զորանոցում բռնություն է գործադրել նույն զինվորի՝ Նարեկ Պ.-ի նկատմամբ՝ ձեռքով ու գլխով հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով այտային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, այտոսկրի մարմնի և ուսահոդի մակերեսի քերծվածքներ՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Նարեկ Պ.-ի նկատմամբ պարբերաբար կիրառված բռնությունների մասին տեղեկացել է նրա եղբայր, ներկայումս նույնպես ժամկետային զինծառայող, իսկ դեպքի պահին դեռ 17-ամյա Ռաֆիկ Պ.-ն: Նա երեք  ընկերների հետ Երևանից անմիջապես մեկնել է եղբոր ծառայության բնակավայր, նույն օրը՝ 2017 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 22-ի սահմաններում զորամասի մոտակայքում հանդիպել է զորամասի ավագ լեյտենանտների ու կապիտանի հետ, ապա ժամը 23.30-ի սահմաններում քաղաքի առանձնատներից մեկում պարզաբանում է կատարել զորամասի հինգ սպաների՝ Անդրանիկ Ղ.-ի,  Խաչիկ Հ.-ի, Լազար Գ.-ի, Թաթուլ Գ.-ի և Գեղամ Մ.-ի հետ:

Պարզաբանումը վերաճել է վիճաբանության, որի ժամանակ սպաների կողմից բռնությունների ենթարկված զինվորի անչափահաս եղբայր Ռաֆիկ Պ.-ն գրպանից հանել է ծալովի դանակն ու հարվածներ է հասցրել է ավագ լեյտենանտ Լազար Գ.-ին, ում, իմիջիայլոց, մեղսագրված չէ Նարեկ Պ.-ի նկատմամբ բռնության որևէ գործադրում:

Ավագ լեյտենանտի առողջությանը դանակի հարվածների հետևանքով պատճառվել է ծանր վնաս՝ ձախից՝ կրծքավանդակի դրսային մակերեսից որովայնի խոռոչ թափանցող ծակած-կտրած, ձախ ազդրի վերին երրորդի առաջային, առաջաներսային մակերեսների, ձախից՝ կրծքավանդակի հետին մակերեսի միջկողային տարածության, ձախից՝ վերհետույքային շրջանների ծակած-կտրած կույր վերքերի, ձախից՝ 11-րդ կողի կոտրվածքի ձևով:

Ռաֆիկ Պ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, իսկ սպաներ Խաչիկ Հ.-ին ու Անդրանիկ Ղ.-ին՝ ստորադասության հարաբերությունների առկայության պայմաններում զինվորի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  358.1 հոդվածի  2-րդ մասով:

Երեք ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր են ճանաչել ու զղջացել են:

Դատարանը Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ դեպքի պահին անչափահաս Ռաֆիկ Պ.-ի մասով կարճել է քրեական գործի վարույթը, դադարեցրել է նրա  քրեական հետապնդումը: Ռաֆիկ Պ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը, վերացվել է:

Ինչ վերաբերում է զինվորի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող ավագ լեյտենանտին ու կապիտանին, ապա նրանց նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Դատարանն արձանագրել է, որ Խաչիկ Հ.-ի ու Անդրանիկ Ղ.-ի խնամքին մինչև 14 տարեկան 1-ական երեխա կա:

Խաչիկ Հ.-ն ու Անդրանիկ Ղ.-ն մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով, նրանց նկատմամբ  վերջնական պատիժ է սահմանվել՝ յուրաքանչյուրի համար զինվորական ծառայության մեջ սահմանափակում՝ 1 տարի 3 ամիս ժամկետով՝ դրամական բավարարման գումարից  5 տոկոսի պահումով:

Понравилась статья? Поделиться с друзьями: