ՈՒՇԱԳՐԱՎ: Հայկ Մարությանը արդեն «գերազանցում» է Տարոն Մարգարյանին..

Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծն առաջիկայում պետք է ներկայացվի քաղաքի ավագանու հաստատմանը: Երևանի քաղաքապետարանը հաջորդ տարվա բյուջեի նախագիծը հանրային քննարկման էր ներկայացրել նոյեմբերի 14-29-ը՝ e-draft.am կայքում:

2018-ի համեմատ 2019 թվականի բյուջեի նախագծով աճել են մայրաքաղաքի բյուջեի և եկամուտները, և ծախսերը: Եթե այս տարվա բյուջեով եկամուտները կազմում էին 80 մլրդ 189 մլն 969.8 հազար դրամ, իսկ ծախսերը՝ 80 մլրդ 237 մլն 969.8 հազար դրամ, ապա 2019 թվականի բյուջեի նախագծով եկամուտները նախատեսված են 83 մլրդ 077 մլն 572.0 հազար դրամ, իսկ ծախսերը՝ 84 մլրդ 346 մլն 812.0 հազար դրամ:

Էապես աճում է Երևանի բյուջեի դիֆիցիտը: Եթե այս տարվա բյուջեով նախատեսված դեֆիցիտը 48 մլն դրամ էր, ապա 2019 թավականի բյուջեի նախագծով այն նախանշված է ռեկորդային՝ 1 մլրդ 269 մլն 240 հազար դրամ դեֆիցիտ:

Ուսումնասիրելով Երևանի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը՝ պարզ է դառնում, որ տարիներ շարունակ քննադատված ծախսերը ոչ թե նվազման միտում են դրսևորում, այլ աճում են: Այն ծախսերը, որոնք քաղաքացիները քաղաքային նախկին իշխանություններից տարիներ շարունակ պահանջել են կրճատել, պարզվում է՝ հաջորդ տարվա բյուջեով ավելանալու են: Օրինակ՝ կավելանան արտասահմանյան գործուղումների, պաշտոնյաների պարգևավճարների և նվիրատվությունների գումարները: Երևանի ավագանու Լույս խմբակցությունն արդեն այս տողերով հատկացումների մասին հաղորդագրություն է տարածել:

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մշտապես քննադատվել է գործուղումների համար հսկայական գումարներ ծախսելու հարցով: Բայց քաղաքի նոր իշխանությունները 2019 թվականի համար գործուղումների գումարները կրճատելու փոխարեն ավելացրել են: Այսպես, եթե այս տարի այդ նպատակով հատկացված էր 62.7 մլն դրամ, ապա հաջորդ տարի գործուղումների վրա կծախսի գրեթե կրկնակի՝ 112.7 մլն դրամ:

Քաղաքապետարանի աշխատակիցների պարգևատրումների հարցը ևս մշտապես քննադատվել է: Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758.5 մլն-ից 2019-ի համար աճել է 1,2 միլիարդ դրամով, հասնելով 1 մլրդ 991.4 մլն դրամի:

Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն ևս աճ է արձանագրել՝ 9.2 մլն դրամից հասնելով ռեկորդային 169.1 մլն դրամի:

Երևանի նոր իշխանությունները ևս չեն պատրաստվում կրճատել տոնական զարդարանքի համար գումարները. 50 մլն դրամ այդ նպատակով հատկացվել էր այս տարի, հաջորդ  տարի ևս 50 մլն կհատկացվի:

Մտահոգիչ է, որ Երևանի բնակիչների համար կարևոր նշանակության խնդիրների հատկացումները չեն ավելանում: Երևանցիները թիվ մեկ խնդիրներից են համարում տրանսպորտի հարցը: Բայց տրանսպորտի բյուջեն նախորդ տարվա 15 մլրդ 196 մլն-ի փոխարեն 2019-ի բյուջեի նախագծով նվազել է՝ կազմելով 13 մլրդ 275 մլն:

Վերելակների հիմնանորոգման բյուջեն նվազել է 78 մլն, կանաչ տարածքների հիմնման և պահպանման բյուջեն՝ 576 մլն, փողոցների լուսավորման բյուջեն՝ շուրջ 1 մլրդ դրամով:

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 3 մլրդ 28.8 մլն-ից նվազել է մինչև 2 մլրդ 857.5 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 171 մլն դրամով:

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը ևս 2019 թվականի բյուջեի նախագծով նվազել են: Եթե 2018-ի բյուջեով այս տողով հատկացված էր 2 մլրդ 172 մլն 857.6 հազար դրամ, ապա 2019-ի համար նախատեսված է 2 մլրդ 114 մլն 819.6 հազար դրամ: Առողջապահության ոլորտին էլ քաղաքի բյուջեից ընդամենը 479 մլն 960.0 հազար դրամ է հատկացվելու հաջորդ տարի:

Դրոշներին հատկացվող գումարների չափը ևս տարիներ շարունակ քննադատության թիրախում է եղել: 2019-ի բյուջեի նախագծով դրոշների տեղադրմանը կհատկացվի 45 մլն դրամ, նույնքան էլ այս տարի էր հատկացված:

Ուշագրավ է «նվիրատվություններ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տողը: 2019 թվականի բյուջեի նախագծով այդ տողով սահմանված է 570 մլ դրամ: Նշենք, որ հենց այս հոդվածով էին Երևանի նախկին իշխանությունները գումարներ փոխանցում «Երևան» հիմնադրամին:

Понравилась статья? Поделиться с друзьями: