Բրազիլական Սանտա Կատարինա նահանգի ոստիկանությունը կեղծ Ferrari-ների եւ Lamborghini-ների արտադրության ֆաբրիկա է հայտնաբերել։ Դրանք կարելի էր գնել ինտերնետով իսկականների արժեքի ութ տոկոսով, տեղեկացնում է Motor-ը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ տնայնագործական արտադրությունը ստեղծվել էր Իտաժաի քաղաքի շինություններից մեկում, իսկ մատակարարումներն իրականացվում էին ամբողջ երկրում նախնական պատվերով, որը ձեւակերպվում էր սոցցանցի միջոցով։ Անլեգալ բիզնեսի տերերը հայր եւ որդի էին, որոնց անունները չեն հրապարակվում։ Նրանք կալանվել են, իսկ հետո բաց թողնվել չբացակայելու ստորագրությամբ։
Ընդհատակյա ձեռնարկությունում խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել է մատակարարման համար գրեթե պատրաստ ութ սուպերքար, ինչպես նաեւ ձուլման ու կոմպլեկտավորողների կաղապարներ։
Ferrari-ի եւ Lamborghini-ի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարություն են տարածել իրենց արտադրանքի անիրավաչափ պատճենման մասին։