Այս պահին լարված իրավիճակ է տիրում Աղբյուր Սերոբի տարածքում:
Այս մասին հայտնում են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը, որոնք գտնվում են դեպքի վայրում:
Չնայած նրանք մանրամասը տեղեկություններ չեն տրամադրում, սակայն տեսանյութից պարզ է դառնում, որ ոստիկանները գտնվում են բնակարաններից մեկում, որտեղ կա երեք մանկահասակ երեխա եւ փորձում են ներս մտնել:
Իսկ ավագանու անդամներն էլ փորձում են խոչընդոտել: Եվ հետաքրքիր է, որ ոստիկանները չունեն ձեռնաշղթաներ և իրավիճակը փրկելու համար պարանով շքամուտքի ճաղավանդակներից մեկից կապել են երիտասարդներից մեկին:
Ոստիկանները կարծես թե բանից անտեղյակ եկած լինեին և 30 րոպե շարունակ միայն մուրճով և «քացով» հարվածում էին դռանը` հույս ունենալով, որ կբացվի:
Սակայն նրանք հաշվի չէին առել, որ դուռը կարող է այդպիսի լուրջ «դիմադրություն» ցուցաբերել:
Մանրամասները` տեսանյութում․
Այս պահին ուղիղ եթերում է նաև ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը և շարունակում է ներկայացնել իրավիճակը:
Թեհմինա Վարդանյանը ուղիղ Երևանի Աղբյուր Սերոբ 11/2 հասցեից ուղիղ եթեով տեղեկացնում է, որ ոստիկանության աշխատակիցները փորձում են բացել նշված շենքի բնակարաններից մեկի դուռը:
«Դատարանի որոշում կա, որպեսզի դադարեցվեն ոստիկանության անօրինական գործողությունները, բայց ոստիկանները փորձում են բացել դուռը, որտեղ երեք անչափահաս երեխաներ կան, նրանցից ամենափոքրը 20 օրական է, միջնեկը 3 տարեկան, մեծը 7 տարեկան, մայրն էլ կեսարյան վիրահատություն է տարել:
Ներսից երեխաները գոռում են, ասում են մի արեք: Պարոն Օսիպյան դուք ոստիկանապե՞տ եք»,-ուղիղ եթերով ասաց Վարդանյանը: Ոստիկանները ընտանիքի հորը բերման են ենթարկել: Նշենք, որ վիճարկվում է այդ տան սեփականության իրավունքը։