ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ…Ալավերդու տնական հավկիթների մեջ քիմիական միացություններ են հայտնաբերվել…

Դեբեդ գետից վերցված նստվածքներում հայտնաբերված պղնձի մակարդակները ցույց են տալիս, որ արդյունաբերական ձեռնարկությունների անմիջապես ներքևի մասով հոսող հատվածներից վերցրած նմուշներում պղնձի խտությունները կտրուկ ավելանում են և նույնիսկ հարյուրապատիկ գերազանցում են ֆոնային մակարդակները:

Դեկտեմբերի 10-ին նշված հետազոտությանը մասնակցած գիտնականները Երևանում ներկայացրեցին ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի Շնող համայնքներում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ «Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության ներգրավումը Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են չեխական «Արնիկա», «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունները: Ծրագիրը ֆինանսավորել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Համաժողովին կատարված աշխատանքներն են ներկայացրել Պրահայի քիմիական-տեխնոլոգիական համալսարանի մասնագետ Մարեկ Շիրը և չեխական «Արնիկա» կազմակերպության մասնագետ Ժիտկա Ստրակովան:

Ըստ իրականացված հետազոտության՝ ծանր մետաղներով աղտոտվածությունը բավականին մեծ է, ազդում է շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա, ինչպես նաև հայտնաբերվել է նոր ռիսկ՝ քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին, բնակիչների կողմից պահվող հավերի հավկիթներում:

Խոսելով հավկիթների մասին, փորձագետ Ժիտկա Ստրակովան նշել է. «Ալավերդիում հայտնաբերված դիօքսինների մակարդակը գերազանցում է ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական չափանիշները, որոշ դեպքերում նույնիսկ ավելի քան հինգ անգամ: Ինչպես ցույց է տալիս հավկիթի նմուշների հետազոտությունը, արդյունաբերական աղտոտումն ազդում է սննդամթերքի շղթայի վրա և դիօքսինանման միացությունների առաջացման առումով զգալի վտանգ է ներկայացնում։ Միայն հավկիթի հայերին բնօրոշ միջին քանակով սպառումը կարող է հանգեցնել մարդու կողմից դիօքսինների թույլատրելի օրական չափաքանակի խախտմանը, որը սահմանել է Պարենային անվտանգության եվրոպական գործակալությունը (EFSA)»:

Понравилась статья? Поделиться с друзьями: