Գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու շքերթն սկսվել է:
Այսօր բազմաթիվ անձինք հայտարարել են, որ չեն առաջադրվելու ոչ կուսակցական, ոչ ռեյտինգային ցուցակներով: Նախ այդ մասին հայտարարեցին կառավարության անդամներ Դավիթ Տոնոյանն ու Արթուր Վանեցյանը: Չնայած երկուսն էլ կառավարության պոպուլյար անդամներ են, որոշվել է, որ ուժային կառույցները պետք է չխառնվեն քաղաքական գործընթացներին:
Հետո հրաժարումները մյուս կողմից սկսեցին: Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը հուզիչ հայտարարություն է արել՝ շնորհակալություն հայտնելով բոլորին անցած տարիներին աջակցության համար եւ հայտարարել առաջադրվելու անիմաստության մասին:
Հետո Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու: Խաչատուր Սուքիասյանը եւս բացառել է իր մասնակցությունն ընտրություններին:
Բայց ամենահետաքրքիրը Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն էր: Նա ասել է, որ գլխավորելու է իր կուսակցության ցուցակը, բայց «դոշ չի ծեծելու տոկոսների համար», ինքն առանց մանդատի էլ լուրջ, կայացած մարդ է:
ՀՀԿ-ն դեռ չի որոշել ընտրություններին մասնակցության հարցը: Նոյեմբերի 9-ին պետք է կուսակցության հավաք լինի: Պետք է ենթադրել, որ ՀՀԿ-ն կմասնակցի, հույս ունենալով ստանալ ձայների մինչեւ 20%-ը: Դեռ հայտնի չէ, թե ՀՀԿ-ն ռեյտինգայինով ում կառաջադրի, բայց հավանաբար դրանք քաղաքական գործիչներ չեն լինի, այլ հայտնի մարդիկ, միգուցե դերասաններ:
Փաստացի, եթե հրաժարվելու շքերթը շարունակվի, ապագա խորհրդարանում հնարավոր է չլինեն աչքին սովոր մարդիկ, որոնց փոխարինելու կգան երիտասարդներն ու անփորձները: Հարուստ մարդիկ էլ, վերջապես, բիզնեսով կզբաղվեն: Այսօր Գագիկ Ծառուկյանը միանգամից երկու ձեռնարկություն է բացել՝ արեւային մարտկոցների ու տեքստիլի արտադրություն: