Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող մեզ վախեցնել:
Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։
«Վաղը Վաշինգտոնում տեղի ունենալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին: Սահմանի երկայնքով կա լարվածություն, ունեցել ենք երկու զոհ, Ձեր պատկերացումները՝ ի՞նչ պետք է անել կարգավորման ուղղությամբ»,– հարցրեց նա։
Վարչապետը նախ ցավակցեց զոհված 2 զինվորների հարազատներին, ապա նշեց, որ ինքը Արցախի հարցի կարգավորման համար լավատեսական տրամադրություն չի հաղորդել։
«Ես միշտ ասել եմ, որ պետք չէ մոռանալ, որ պատերազմը չի ավարտվել, եւ այն ցանկացած պահի կարող է բռնկվել, իրավիճակի լարում լինել: Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել նույն գործիքը, որը երկար ժամանակ կիրառել է՝ փորձ անելով դուրս բերել հարցի կարգավորումը կառուցողական, բանակցային հունից: Հայաստանը պետք է դիմակայի այդ գործիքին՝ նաեւ ԶՈւ պատրաստակամության մակարդակը բարձրացնելով:
Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող մեզ վախեցնել»,– ասաց նա։