ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատարը խոսել է իր ունեցվածքի մասին…մանրամասներ.

ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն իր ունեցվածքի վերաբերյալ պարզաբանում է հրապարակել Պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի՛ հայրենակիցներ, մեծ ակնկալիք ունեմ ճիշտ ընկալվելու:

Իմ հայտարարագրի վերաբերյալ մամուլի արձագանքը հաշվի առնելով՝ պարտավորված եմ կրկին անդրադառնալ այդ հարցին:

Երեկ՝ ճեպազրույցի ընթացքում, իմ կողմից ունեցվածքիս ծագումնաբանությունը բովանդակային առումով չպարզաբանելու հանգամանքը պայմանավորված է եղել միայն նրանով, որ անկեղծ ցանկություն եմ ունեցել ընդգծել յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ պաշտոնյայի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի կարևորությունը:

Սակայն հանրության կողմից սխալ չընկալվելու համար հայտնում եմ, որ հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չեմ համարել։

Հիշյալ գումարների մի մասն էլ ձևավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականներիս և մեր ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել ինձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ:

Իմ համար այս հարցին չպատասխանելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ նվիրատվությունների մի մասը ստացել եմ մինչ պետական պաշտոններ զբաղեցնելը։

Հանրությունից թաքցնելու ոչինչ չունեմ, ողջ կյանքս ապրել եմ հզոր հայրենիքի երազանքով, կոռուպցիայի նկատմամբ ունեմ ընդգծված ատելություն, որն անթաքույց ցուցադրել եմ ողջ կյանքիս ընթացքում:

Երբևէ չեմ առաջնորդվել անձնական շահով, որևէ անձնական կապ ինձ չի կարող ուղղորդել, առավել ևս բարձր դասվել Հայաստանի ու հայ ժողովրդի շահից: Ստանձնածս պատասխանատու պարտականությունները կատարելիս ակնկալում եմ յուրաքանչյուրիդ աջակցությունը: Սկսած գործը պետք է հասցնել իր տրամաբանական ավարտին»,– գրել է նա:

Նշենք, որ չնայած երիտասարդ տարիքին (28 տարեկան) եւ պետական մարմիններում աշխատելու փորձին՝ Քյարամյանը ահռելի հարստության տեր է։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում տեղադրված էին նրա 2017թ հայտարարագրերը։ Ըստ այդմ՝ Կոտայքի թեմի առաջնորդի որդին ստացել է 4,674,807.0 աշխատավարձ, նրա դրամական միջոցները 2017թ հարկային տարում կազմում էին 32մլն դրամ, 48 հազար դոլար, 6000 դոլար փոխառություն։ Երեւանի դատախազի պաշտոնը ստանձնելու ժամանակ երիտասարդը ունեցել է 4 հողամաս, երկու բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, հողին ամրակայված այլ շինություն, ավտոտնակ, MERCEDES-BENZ C 180 մեքենա, ինչպես նաեւ թանկարժեք զարդեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: