Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն պարզ է դառնում Լուկաշենկոյի խաղի նրբությունը.
1. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանի հետ ՀԱՊԿ ներքին խոհանոցը հրապարակայնորեն քննարկելու ժամանակ միանգամայն քաջ գիտեր, որ Վ. Պուտինը դրան ամենևին դեմ չէ: Ադրբեջանը պետք է վաղուց ճանաչված լիներ ՀԱՊԿ գործընկեր, մինչդեռ դա հետաձգել կամ խոչընդոտել փորձեց Հայաստանը: Հետևաբար, պատահական չէ, որ Ռուսաստանը գնահատական էլ չտվեց դրան: Ու ի սկզբանե, ինչպես շատերը գիտեն իմ կարծիքը այն օրը, երբ Փաշինյանը բացատրություն պահանջեց միայն Բելառուսից, մեր ֆրեյմինգը սխալ էր: Պետք էր հարցը դնել բոլորի օրակարգում, որ բոլորն արտահայտվեին, և ոչ թե պարզվեր, թե միակ բեդովլաթը Լուկաշենկոն է, ինչը ապացուցելու կարիք չկար: Ու դրա համար էլ հայկական կողմի բացթողումն օգտագործեց Լուկաշենկոն իր դիվանագիտական անտակտությամբ, երբ հեգնեց, թե վախենո՞ւմ ենք Ռուսաստանին բան ասել:
2 Հենց այս լուրը ցույց է տալիս, որ այս ամենն անողը մեր դաշնակիցն է, ով ամենաշատն է ուզում Ադրբեջանին տեսնել իր ակումբում: Ցավոք, կարծեք թե Հայաստանը, որ միանգամայն ճիշտ նպատակ էր դրել, դրան հասնելու ուղու հարցում կրկին սխալ թույլ տվեց ու արդեն ուրիշ տեղ է գնում. Լուկաշենկոն զոռբայությամբ, նրան հետևելով՝ մյուսները, հաստատեցին գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածուին: Այժմ էլ Պուտինն է ստորագրում ՀԱՊԿ-ի գործընկերոջ կարգավիճակ տալու փաստաթղթերը: Կասկած չունենանք, որ դրանք աներկբա հաստատվելու են նաև մյուս երկրների կողմից, որովհետև լեգիտիմացնում է Ադրբեջանի հետ իրենց անթույլատրելի գործարքները, որոնցից դժգոհում էր Հայաստանը: Այժմ Երևանի քննադատությունները դելեգիտմանալու են, որովհետև ՀԱՊԿ-ը նման նորմատիվ հիմք է ընձեռել….
3. Ռուսաստանը լրջագույն հարվածն է հասցնում Հայաստանի ազգային անվտանգության ռեգիոնալ մակարդակին, որտեղ, թղթով իբրև թե ՀԱՊԿ-ն ու դրա կովկասյան ուղղությունը (ռուս-հայկական մեխանիզմները) պետք է լինեին Հայաստանի ռեգիոնալ մարտահրավերների՝ մասնավորապես լայնամասշտաբ պատերազմի սանձազերծման կանխարգելողը: Մի պահ պատկերացրեք, որ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծում, ու ՀԱՊԿ-ի համար մի կողմում իրենց քննադատող ու խանգարող Հայաստանն է, մյուս կողմում՝ իրենց գործընկեր Ադրբեջանը…
4. Ռուսաստանը Ադրբեջանի հետ կրկին բացում է պատերազմի դարպասները. ու այնպես չէ, որ դա միայն Ադրբեջանին է ձեռնտու: Հորիզոնում ռուս-բելառուսական/ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումն է Արցախում….. Այս բոլոր ուղղություններով անխոնջ աշխատում էր նաև Յուրի Խաչատուրովը, մինչդեռ Հայաստանը ընդհատեց աշխատանքը…. Ահա թե ինչից են զայրացած Մոսկվայում»: