Սուրեն Պապիկյանը ՀՀ մարզպետների նոր կազմով խորհրդակցություն է անցկացրել,ինչ են քննարկել նրանք:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի մոտ այսօր կայացել է մարզպետների մասնակցությամբ աշխատանքային հերթական  խորհրդակցությունը` ՀՀ մարզպետների նոր կազմով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով նորանշանակ մարզպետներին` նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն արդյունավետ համագործակցություն ու հաջողություն է մաղթել հետագա համատեղ աշխատանքներում:

Օրակարգային հարցերի շրջանակում Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ Տավուշի մարզում կայացած «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի օրինակով մյուս մարզերում ևս նման համաժողովներ  կազմակերպելու նախաձեռնությանը: Խոսելով Տավուշի համաժողովի հաջողված փորձի և տեսանելի արդյունքների մասին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ առաջիկա երկու ամիսներին ներդրումային համաժողովներ կանցկացվեն Արարատի, Արագածոտնի, Շիրակի, իսկ փետրվար ամսին` Լոռու մարզերում։ Մարզպետների հետ քննարկվել են առաջիկա ամիսներին ներդրումային համաժողովների անցկացմանը և ժամանակացույցին  վերաբերող  կազմակերպչական հարցեր։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում առկա բենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների տարածքում սանհանգույցների առկայության և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու հարցը։ Նախարարի պաշտոնակատարը մարզպետներին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խմբեր, ովքեր համապատասխան  կառույցների ներկայացուցիչների հետ իրազեկման աշխատանքներ կտանեն` նշված կառույցներում սանհանգույցների բարեկարգման ուղղությամբ։ ՏԿԶ նախարարության աշխատակիցներն իրենց հերթին  նախարարի պաշտոնակատարի հանձնարարականով այցելություններ են կատարում մարզեր` տեղերում ուսումնասիրություններ կատարելու և համակարգելու այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է նաև ոռոգման ջրի համաչափ բաշխման խնդրին։ Ոլորտում չարաշահումները  բացառելու նպատակով մարզպետներին հանձնարարվել է շարունակել համագործակցությունը ՏԿԶ նախարարության ղեկավարությամբ գործող  միջգերատեսչական աշխատանքային խմբի  հետ և  հետևողական աշխատանքներ տանել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ:

Օրակարգում ներառված մյուս հարցով  ներկայացվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նախարարի պաշտոնակատարը մարզպետներին հանձնարարել է հավաքագրման ցածր մակարդակ ունեցող համայնքների ղեկավարների հետ բացատրական աշխատանքներ տանել և ուսումնասիրել պատճառները, չբացառելով, որ դրանք կարող են կապված լինել ինչպես հանրային լեգիտիմության, այնպես էլ համայնքի ղեկավարի անգործության հետ:

Մարզպետների հետ  այսօրվա խորհրդակցությանը քննարկվել են նաև կարկուտի հետևանքով տուժած ընտանիքներին կառավարության կողմից աջակցության տրամադրման, համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցության ավարտին նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է մարզպետներին ակտիվորեն աշխատել բարձրացված հարցերի մեջ` հորդորելով տեղերում բացառել կլանային մտածողության երևույթները:

Понравилась статья? Поделиться с друзьями: