Տեր Եսայի քահանա Արթենյան լավ կլիներ, որ Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթին` մեռելոցը, լիներ ոչ աշխատանքային

Նախընտրելի և ցանկալի կլիներ, որ Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթին` մեռելոցը, լիներ ոչ աշխատանքային: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով կառավարության որոշմանը, որ այս անգամ մեռելոցը լինի ոչ աշխատանքային օր:

«Առհասարակ ժողովրդի համար այդպես ցանկալի կլիներ` հաշվի առնելով, որ մեր ժողովրդի մեծ մասը` գրեթե 80 տոկոսից ավելին, Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, և մարդիկ ունեն ամենաջերմ զգացումները և հարգանքը իրենց ննջեցյալների նկատմամբ, և բոլորի համար էլ ցանկալի էր, որ լիներ ոչ աշխատանքային օր: Ամեն դեպքում այդ որոշումը տարակուսելի է, բայց եկեղեցին շարունակելու է իր բնականոն գործունեությունը»,-ասաց նա:

Տեր Եսային ասաց, որ գոնե Սուրբ ծննդին, Խաչվերացին և առավել ևս Զատիկին, որը մեծագույն տաղավար տոներից է, հաջորդող օրը, լիներ ոչ աշխատանքային: «Ամեն դեպքում եկեղեցու կարգը դրանից չի փոխվում, միևնույն է, եկեղեցին շարունակելու է մարդկանց հորդորել, որ մեռելոցի օրը գնան գերեզմաններ»,-ասաց նա:

Հարցին, թե սա սպասելի՞ էր՝ հաշվի առնելով, որ այս կառավարությունը գտնում էր, որ ոչ աշխատանքային օրերը շատ էին, ասաց, որ ակնկալում էին, որ կլիներ ոչ աշխատանքային: Տեր Եսային նկատեց, որ խորհրդային շրջանում, քանի որ մեռելոցը աշխատանքային օր էր, մարդիկ նախընտրում էին, որ կիրակի գնային գերեզմաններ, ինչը նաև եկեղեցական կարգին հակառակ էր:

«Չեմ կարծում, որ ամբողջությամբ հետ կգնանք, քանի որ եկեղեցին այդ առումով իր քարոզչությունն անում է, առավել ևս որ քահանաները տաղավար տոներին ընդհանրապես գերեզմաններ չեն գնում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ տաղավար տոների հաջորդող օրը մեռելոց է, որը կառավարությունը նախկինում հայտարարել էր ոչ աշխատանքային, ներկայում ամեն տաղավար տոնից առաջ կառավարությունը եթե որոշում չի կայացնում ոչ աշխատանքային լինելու մասին, ուրեմն օրը աշխատանքային է:

Понравилась статья? Поделиться с друзьями: