Փաշինյանի զգուշացումը իր թիմակիցներին…

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան գրառմամբ անդրադարձել է Պետական Վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, գրել է. «Այսօր շաբաթ էր և հնարավորություն ունեցա մի փոքր ծանոթանալ այն քննարկումներին, որ ծավալվում են ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ։ Եզրակացությունս մեկն է՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։ Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների համար «ախպերությունը» մնում է աշխարհընկալման հիմնական բանաձև։

Թքած ճշմարտության և ճշմարտության շահերի վրա, թքած հեղափոխության ու նրա արժեքների վրա։ Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։ Ընդդիմադիր լինի թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական։ Ով սա դեռ չի հասկացել, թող մնա ուրեմն սերժանտական նոստալգիայի անուրջներում։ և ի դեպ, օրենքը կրկնակի խիստ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կանգնել են ժողովրդի առաջ ու խոսել օրինականությունից ու արդարությունից, բեսպրեդելի ու հովանավորչության անթույլատրելիությունից։ Ու եթե անցել են իրենց գծած գիծը, նրանց մեղադրանքը միայն քրեական օրենսգրքով չի լինելու, նրանց մեղադրանքը լինելու է ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ։ Սա ասում եմ՝ առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու։ Թողեք նորմալ քննություն ընթանա։ Եթե դուք չթողնեք, ես դա կապահովեմ։ Օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում»։

Նիկոլ Փաշինյանն այսպիսով պատասխանում է բոլոր այն անձանց, ովքեր վերջին օրերին հանդես են գալիս ի պաշտպանություն Դավիթ Սանասարյանի։ Եվ առաջին հերթին նրա այս գրառումն ուղղված է սեփական թիմակիցներին, ովքեր պաշտպանում են Դավիթ Սանասարյանին։

Դավիթ Սանասարյանի ներգրավմամբ քրեական գործը, անկախ հետագա ընթացքից մեծ հարված է հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի թիմին։ Եվ Նիկոլ Փաշինյանն իր այս գրառմամբ պաշտպանում է առաջին հերթին հեղափոխությունը։ Պաշտպանում է ոչ թե հակահեղափոխականներից, այլ առաջին հերթին հեղափոխականներից։ Նիկոլ Փաշինյանն իրականում ցույց է տալիս, որ Նոր Հայաստանում որևէ մեկը չի կարող օրենքից բարձր լինել՝ անկախ նրա կարգավիճակից ու կենսագրությունից։ Նա սահմանել է այդ բարձր նշաձողը և իր թիմից պահանջում է ենթարկվել այդ նշաձողին։ Նիկոլ Փաշինյանը խոսում է ճշմարտության ու ճշմարտության շահերի մասին՝ ակնարկելով, որ ճշմարտությունը, ինչպես և օրենքը բարձր է բոլորից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենաթույլ կողմը շարունակում է մնալ կադրային քաղաքականությունը։ Նրա նշանակած կադրերի մեծ մասը ոչ միայն չի բավարարում իրենց պաշտոնների համար անհրաժեշտ չափանիշներին, այլ, ինչպես ցույց է տալիս այս դեպքը, կարող է նաև մեջքից հարված հասցնել հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին։ Նրա այսօրվա գրառումը հենց այդ մասին է, հեղափոխությանը հասցված հարվածի մասին է, որը ավելի են խորացնում Սանասարյանին պաշտպանող նրա սեփական թիմակիցները։ Սա շատ հանգուցային կետ է ինչպես հեղափոխության, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե նա տեղի տա թիմակիցների ճնշմանը և պատասխանատվությունից ազատի, Սանասարյանին, դրանով կասկածի տակ կդնի հեղափոխությունն ընդհանրապես։ Հակառակ պարագան հեղափոխության պաշտպանությունն է հենց հեղափոխականներից, ինչը և արել է Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա գրառմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: