«Այդ թեմայով ես շատ եմ խոսել։ 1990-ականներին ես չեմ եղել ՀՀ քաղավիացիայի պետ, ես նշանակվել եմ կառավարության լիազոր ներկայացուցիչ քաղաքացիական ավիացիայում։ Դա մի քիչ այլ կարգավիճակ ուներ, որովհետև ավիացիայի հետ առնչվող բոլոր ստորաբաժանումները՝ ոստիկանությունը, մաքսայինը, նույնիսկ ՌԴ սահմանապահ զորքերը, երկակի ենթակայությամբ նաև ենթարկվում էին այդ պաշտոնին, կոնկրետ դեպքում՝ ինձ։ Հետո՝ 1995 թվականին, երբ Սահմանադրությունը ընդունվեց, այդ ինստիտուտը վերացավ, և ես նշանակվեցի որպես վարչության պետ։ Դա մի տարի է տևել՝ 1995-ից 1996 թվականներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը։
2000-ականներին ի՞նչ տեղի ունեցավ քաղաքացիական ավիացիայում «Առաջին լրատվական»-ի հարցին Շահեն Պետրոսյանը պատասխանեց․ «Ուղղակի շատ տարրական, էլեմենտար ձևով արհեստականորեն սնանկացրին։ Շատ կուզեի, որ անալիտիկներ լինեին ու պարզեին, թե ինչպես եղավ։ Ես բազմիցս առաջարկել եմ, որ մի հանձնաժողով էլ այդտեղ ստեղծվի։ Այդ ինչպես ստացվեց, որ մեր ամենահարուստ, ամենաեկամտաբեր ոլորտը հանկարծ ջարդված տաշտակի առջև հայտնվեց։ Կարող եք 1997 թվականի բյուջեն նայել ու կտեսնեք, որ այն ժամանակ ՀՀ քաղավիացիան առաջին տողում էր և ապահովում էր բյուջեի 25 տոկոսը։ Դրանից հետո ինչպե՞ս եղավ, որ ամենաշահութաբեր ճյուղը դարձավ սնանկ»։
Շահեն Պետրոսյանը նաև հավելեց, որ Քոչարյանը չարացած է Հայաստանի նկատմամբ, և նրանով պետք է զբաղվեն հոգեբանները։