Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ չի ուզում անդրադառնալ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, քանի որ մանրամասներին չի տիրապետում:
Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀԿ իշխանության ժամանակ ընտրությունների դեպքում ոստիկանությունը իշխանության օգտի՞ն էր աշխատում, Օսիպյանն ասաց, որ իրեն ոչ ոք ցուցում չի տվել: “Ես փոխոստիկանապետ եմ եղել, առաջին դեմք չեմ եղել, որ այդ ամենին նույնպես տիրապետեմ”,- ասաց նա:
Օսիպյանը հավելեց, որ այսօր ոստիկանությունը կաշկանդված չէ: Հարցին, թե իսկ երբ է կաշկանդված եղել, ոստիկանապետը պատասխանեց. “Ով ճանաչում է գնդապետ Օսիպյանին, իմ անցյալով հետաքրքրվեք, ինձ ճանաչողները կներկայացնեն, ես երբեք կաշկանդված չեմ եղել: Ես չեմ բացառում, որ ՀՀ որոշ ոստիկաններ, ստորաբաժանումներ նախկինում կաշկանդված են եղել”: