10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները…Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

Երեկ կառավարությունը փակ նիստում հաստատել է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ շրջանակում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ որոշում է կայացվել նաեւ, որ կառավարությունը կփորձի միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկարաշարժի հետեւանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորություններն այս պահին դե յուրե արձանագրված են: Նա նշեց, որ այս հարցի լուծման համար կտրամադրվի 3 միլիարդ դրամ: «Ինչ վերաբերում է ծրագրերի մանրամասներին, դրանք նաեւ հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն»,- ասաց վարչապետը:

Վերջինը հիշեցրեց, որ հունիսի 1-ից արդեն զինվորականների աշխատավարձերը բարձրացել է, նրանք արդեն ստանում են այդ աշխատավարձերը, իսկ սեպտեմբերի մեկից էլ կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը:

«Քննարկվեց նաեւ ավելի կարեւոր խնդիր, մեր հիմնական խնդիրը հիմա բարձր տնտեսական աճի ցուցանիշների հասնելու ճանապարհային քարտեզ ունենալն է: Այդ խնդրի լուծման հիմնական միջոցը մենք տեսնում են վերամշակող արդյունաբերության, զբոսաշրջության զարգացման ուղղություններով»,- ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հանձնարարեց մինչեւ օգոստոսի 20-ը վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների հետ ունենալ քննարկումներ:

Понравилась статья? Поделиться с друзьями: