1994 թ.Երևանում տղամարդը որսորդական դանակով սպանել է խնամուն, և դին թաղել նկուղում:Այնուհետև ոսկեղենը գողացել և վաճառել էր…

1993 թվականից սկսած՝ երևանցի Սարիբեկ Հ.-ն հարևան-բարեկամներից պարտքով գումարներ էր վերցրել և խոստացած ժամկետներում պարտքերը չէր մարել:

Ասել, թե Սարիբեկը աղքատ էր, ճիշտ չէր լինի: Նա նիկոլաևյան ոսկեդրամների հավաքածու ուներ, որը որպես ժառանգություն՝ ստացել էր պապից: Ուներ նաև հնաոճ ոսկե զարդեր, որոնց մի մասը համարում էր թանկ հիշատակ ու ոչ մի գնով դրանցից բաժանվել չէր պատրաստվում, օրինակ՝ հանգուցյալ կնոջ թանկարժեք մատանին, որը պահում էր աչքի լույսի պես:

Պարտատերերը չգիտեին Սարիբեկի բարձրարժեք «հոգեպահուստի» մասին: Իրենից պարտքերի մարում պահանջողներին Սարիբեկը պատասխանում էր, թե նյութական ծանր կացության մեջ է հայտնվել, սակայն շուտով ոտքի է կանգնելու և մարելու է բոլոր պարտքերը:

Պարտատերերը Սարիբեկի հավաստիացումներին սկզբում հավատում էին, բայց ժամանակի ընթացքում սկսեցին չհավատալ և ուժեղացրին ճնշումը՝ մարդիկ իրենց գումար
ն էին հետ պահանջում և այլևս չէին ուզում սպասել:
1994 թվականի մարտին Սարիբեկը սկսեց անհանգստանալ իր ունեցվածքի համար՝ պարտատերերը կարող էին դիմել իրավապահներին, վերջիններս էլ կարող էին խուզարկություն կատարել նրա տանը, հայտնաբերել թանկարժեք գույքը, բարձրարժեք պահուստներն ու առգրավել…

Սարիբեկը որոշեց տանը եղած թանկ գույքը և բարձրարժեք ոսկեղենը ի պահ հանձնել որևէ վստահելի մարդու: Նրա ընտրությունը կանգ առավ խնամու՝ Վահրամ Ա.-ի վրա: Սարիբեկի աղջիկն ու Վահրամի տղան փաստական ամուսնական հարաբերությունների մեջ էին: Սարիբեկը Վահրամի անցյալի որոշ էջերի ծանոթ չէր, այլապես միգուցե նման որոշում չկայացներ: Բայց նա հենց Վահրամին համարելով իր շրջապատում ամենահուսալին, խնդրեց օգնել տվյալ հարցում:

Վահրամն ու կինը Սարիբեկին վստահեցրին, թե նրա թանկ մասունքներն աչքի լույսի պես կպահեն ու առաջին իսկ պահանջի դեպքում կվերադարձնեն:

Ամիսներ անցան: Հիմա էլ Վահրամ Ա.-ի ընտանիքը հայտնվեց ծանր նյութական կացության մեջ: Եվ Վահրամը կնոջ հետ գաղտնի որոշում կայացրեց՝ վերցնել Սարիբեկի ոսկեդրամներից մեկն ու ոսկե մատանիներից մեկը, վաճառել, ստեղծված իրավիճակից դուրս գալ, հետո վերադարձնել վերցրածը: Վերցրեց, վաճառեց, գումար ստացավ, բայց ընտանիքի նյութական կացությունը չբարելավվեց: Վահրամը ևս երկու ոսկեդրամ վերցրեց, գրավ դրեց… Զգալով, որ վտանգավոր իրավիճակում է հայտնվելու, Վահրամը կնոջն ու որդու ընտանիքին ճանապարհեց Մոսկվա…

1994 թվականի օգոստոսին Սարիբեկը, հաղթահարված համարելով իր գույքին սպառնացող վտանգները, գնաց խնամի Վահրամի տուն և պահանջեց վերադարձնել իր գույքը:

Վահրամը պատրաստակամությամբ հանեց պահուստը, նույնիսկ օգնեց, որ Սարիբեկը արժեքավոր գույքը տեղափոխի իր տուն: Սարիբեկը հայտնաբերեց, որ ոսկե զարդերն ու ոսկեդրամները պակասել են: Վահրամն ընդունեց, որ որոշ բաներ վերցրել և վաճառել է, քանի որ խիստ նեղ կացության մեջ էր: Նա պատրաստակամություն հայտնեց պակասող ոսկե զարդերի ու ոսկեդրամների արժեքը գումարով հատուցել: Վահրամը կարծում էր՝ այդպես խնդիրը հաշտությամբ կկարգավորի, սակայն նրա համար անսպասելի՝ Սարիբեկը չընդունեց այդ առաջարկը, բորբոքվեց՝ ինչպե՞ս թե, մարդը, ում ինքը վստահել է, իր կնոջ թանկ հիշատակը ծախել ու կերե՞լ է: «Դու ավելի լավ կանեիր ինձ սպանեիր, քան կնոջս ու պապիս թանկ հիշատակներն ուտեիր…»,- ասաց Սարիբեկը ու պահանջեց՝ որտեղից ուզում է՝ թող Վահրամը գտնի իր մատանիներն ու ոսկեդրամները և վերադարձնի:

Վահրամը նույնիսկ գնաց «Վերնիսաժ», գտավ այն մարդուն, ում վաճառել էր Սարիբեկի կնոջ մատանին: Բայց գնորդն ասաց, թե մատանին ինքն իր հերթին վաճառել է մի անծանոթի… Այն գրավատունը, որտեղ Վահրամի կինը գրավադրել էր Սարիբեկի ոսկեդրամները, փակվել էր, տերերն էլ «անհետացել էին…»:

Հիմա արդեն Սարիբեկը վերածվեց պարտապանի և սկսեց օրնիբուն Վահրամից պահանջել իր ոսկեղենը: Վահրամը նրան գումար էր առաջարկում, բայց Սարիբեկը համառորեն իր մատանիներն ու ոսկեդրամներն էր պահանջում…

Մի օր էլ՝ 1994 թվականի հոկտեմբերի 29-ին, Սարիբեկ Հ.-ն դուրս եկավ տանից ու չվերադարձավ: Այդ օրը նա զանգել էր Մոսկվա, վիճել էր Վահրամի կնոջ հետ, ապա գնացել էր Վահրամի տուն… Սարիբեկին ամենուր փնտրեցին, սակայն չգտան: Վահրամին էլ հարցաքննեցին: Նա այլուրեքություն ներկայացրեց: Նրան միառժամանակ առերևույթ հանգիստ թողեցին: Բայց գործի քննության շրջանակներում հենց Վահրամն էր համարվում գլխավոր կասկածյալը…

1995 թվականի հունիսի 22-ին Վահրամ Ա.-ն ձերբակալվեց:

Հաջորդ օրը խուզարկություն կատարվեց նրա տանն ու նկուղում: Հենց նկուղում էլ հայտնաբերվեց մի փոս, որի մեջ տղամարդու կիսաքայքայված դիակ կար…

Դիակը ճանաչման ներկայացվեց Սարիբեկի հարազատներին: Սարիբեկի եղբայրը հաստատեց, թե դա Սարիբեկի դիակն է…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ մահվան պատճառ էին հանդիսացել բազմաթիվ ծակած-կտրած, թափանցող վերքերը՝ ներքին օրգանների վնասումով… Վնասվածքները, ըստ եզրակացության, կարող էին պատճառվել տվյալ փողոցի կոյուղուց հայտնաբերված որսորդական դանակի ներգործությամբ… Տուժողի կողոսկրերն ու կրծոսկրն էլ էին կոտրված, հնարավոր է՝ կոտրվածքներն առաջացել էին ոտքերով ու ձեռքերով հասցված հարվածների արդյունքում…

Բացահայտվեց, որ Սարիբեկի դիակի թաղմանը մասնակցել էր նաև Վահրամի կրտսեր որդին: Վահրամ Ա.-ն այդ հանգամանքն էր միայն ժխտում գործի ամբողջ քննության ընթացքում: Մեղադրանքի մնացած մասը նա ամբողջությամբ ընդունում էր…

56 տարեկան էր Վահրամ Ա.-ն, երբ խնամի Սարիբեկի սպանության համար կանգնեց դատարանի առաջ:

Սարիբեկի ընտանիքի համար անակնկալ էին Վահրամի կենսագրության մութ էջերը՝ նա նախկինում 7 անգամ դատապարտած էր եղել՝ ավազակության, ծանր մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության և այլ արարքների համար, իսկ առաջին անգամ միլիցիայի կողմից հաշվառման էր վերցվել, երբ ընդամենը… 8 տարեկան էր…

Վահրամ Ա.-ն ճանաչվեց որպես առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ և Սարիբեկ Հ.-ին շահադիտական դրդումներով սպանելու համար դատապարտվեց 15 տարի ազատազրկման: Ըստ դատավճռի՝ այդ պատժի 5 տարին Վահրամ Ա.-ն պետք է կրեր բանտային, իսկ մնացած պատիժը՝ հատուկ ռեժիմի պայմաններում…

Понравилась статья? Поделиться с друзьями: