Արսեն Գրիգորյանը՝ իր կյանքի դժվարին օրերի մասին:ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Ասոն: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծեր, խոսել ենք երգչի նախասիրությունների մասին:

Ասոն պատմել է, թե ինչպես է իր կյանքը փոխվել հայտնի դառնալուց հետո, եւ ինչ հարցերում է ստիպված եղել իրեն սահմանափակել: Նա խոստովանել է, որ իր կյանքի դժվարին փուլը կապված է ֆինանսականի հետ. Ասոն չի կարողանում ոչ ասել, եւ այնպես է ստացվում, որ տասը անգամ երգում է, մեկ անգամ՝ գումար վաստակում: -Մանկության ամենավառ հուշերը ինչի՞ հետ են կապված: -Մանկության ամեն մի հուշ կապված է պապիկիս եւ տատիկիս հետ, մեր գյուղի հետ: Խոսքն Արա գյուղի մասին է: -Եղե՞լ է, որ բեմի մարդ լինելու համար զղջաք: Այն ի՞նչ անհարմություններ կարող է պատճառել: -Բեմը բերում է ճանաչման, իսկ ճանաչված մարդուն երբ սխալ են հասկանում, մի ամբողջ բանակ է հավաքվում նրա դեմ: Պարզ է, որ եթե տվյալ անձը ճանաչված չլինի, նրա ամեն մի խոսք այդքան մեծ արձագանք չի գտնի: -Երբ ոչինչ այլեւս Ձեզ չի մխիթարում, անպայման օգնության է հասնում… -Օգնության են հասնում իմ ընկերները եւ սեփական ինքնակառավարումս: Ինձ մխիթարում է նաեւ երեխաներիս հանդեպ իմ ունեցած մեծ սերը: Դա ամեն ինչի դարմանն է: -Ո՞րն է կյանքի տված լավագույն դասը Ձեզ: -Նեղությունը կարող է լավ ուսուցիչ լինել, բայց միայն խելացիների համար, թե չէ անխելքը ոչ մի բանից էլ դաս չի քաղում: -Լիարժեք հանգստանալու համար Ձեզ ի՞նչ է հարկավոր: -Լինել մեր տանը, այգում, ընտանիքիս հետ: Տանը լինելը հանգստանալու միակ եւ լավագույն ձեւն է: -Ինչի՞ց կամ ումի՞ց կախվածություն ունեք: -Մորիցս եւ Աստծուց: -Շարունակե՛ք միտքը՝ հիմար մարդը նա է, ով… -Իր սխալներից է սովորում: Չէ՞ որ խելացին սովորում է ուրիշների սխալներից: -Ինչպե՞ս եք վարվում Ձեր ներքին հակասությունների հետ: -Իմ մեջ անընդհատ կռիվ եմ տալիս դրանց հետ եւ գտնում լավագույն լուծումը, դրանով էլ մխիթարվում եմ: -Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը: -Յուրաքանչյուր ազնիվ մարդ: -Քաղաքական գործիչներից ու՞մ եք համակրում: -Հիմա քաղաքական դաշտն այնպես է խառնվել, որ ոչ ոքի էլ չեմ համակրում: -Հայտնի դառնալը ինչո՞վ է օգնում եւ ինչո՞վ է վնասում մարդուն: -Մինչ հայտնի դառնալը երազում էի այդ մասին, բայց հետո հասկացա, որ այն շատ խնդիրներ է իր հետ բերում: Հիշում եմ՝ երբ տարիներ առաջ Թումանյան փողոցով քայլում էի Աշոտ Ղազարյանի հետ, բոլորը մոտենում էին նրան, բարեւում էին եւ ջերմ խոսքեր ասում: Ես էլ մտածում էի. «Երանի~ Աշոտին, տեսնես կգա՞ մի օր, երբ ինձ էլ կճանաչեն»: Բայց, հավատացե՛ք, երբ եկավ այդ օրը, ես հասկացա, որ հայտնի լինելը բեռ է. չես կարողանում ապրել այնպես, ինչպես կցանկանայիր: Ես էլ հումորով, ջրիկ մարդ եմ, եւ հայտնի լինելը շատ է սահմանափակում ինձ: -Ըստ Ձեզ՝ ո՞ր դեպքում է ճշմարտությունն ասելն արդյունավետ: -Ինչպես ասում են, սուտ կա՝ տուն է սարքում, ճիշտ կա՝ տուն է քանդում: Պետք է միշտ հաշվի առնել ճշմարտությունն ասելու հետեւանքները: -Տարիքի հետ ընկերներ կորցնո՞ւմ եք, թե՞ ձեռք բերում: -Երկուսն էլ. շատերը մաղվում են, շատերն էլ գալիս են իմ կյանք: Առհասարակ, ընկերոջ կորուստը ծանր եմ տանում, բայց, իհարկե, կան դեպքեր, երբ ուրախանում եմ, որ տվյալ մարդուն բացահայտում եմ եւ հասկանում, որ նա չի կարող իմ ընկերը լինել: -Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ է կապված եղել: -Օրինակ՝ հիմա այն կապված է նյութական դժվարությունների հետ: Բանն այն է, որ չեմ կարողանում մարդկանց ոչ ասել, արդյունքում երգում եմ տասը երգ, բայց մեկի համար եմ վճարվում: Գիտեմ, որ հաճախ չարաշահում են մեծահոգությունս, բայց իմ բնավորության հետ ոչինչ չեմ կարող անել: -Ո՞րն է կին-տղամարդ հարաբերությունների կայունության հիմքը: -Փոխադարձ սերն ու հարգանքը: -Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ: -Անկեղծ ասած՝ բոլորը:

Понравилась статья? Поделиться с друзьями: