Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ երեկ երգիչ Գուրգեն Դաբաղյանի հարսանիքն էր ու ներկայացրել է նրա և Իննայի պսակադրության ֆոտոշարքը։ Զույգը հայկական ավանդական հարսանիք է կազմակերպել, որին ներկա է եղել մոտ 450 հյուր ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից:
Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պսակի արարողությունից հետո նրանք իրենց խնջույքը շարունակել են Երևանի ռեստորանային համալիրներից մեկում, որտեղ կայացել է նաև զագսի արարողությունը:
Tert.am Life-ը լուսանկարել է նաև հարսանեկան խնջույքը և երգչի հետ խոսել տպավորությունների, սիրելիի պարի, հուզիչ պահերի ու կնոջ հետ հարաբերությունների մասին:
«Շատ լավ օր ունեցանք, նույնիսկ դժվարանում եմ նկարագրել: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, մինչև ուշ գիշեր պարել ու ուրախացել ենք: Կազմակերպչական բոլոր հարցերով ես ու Իննան միասին ենք զբաղվել, ամեն ինչ միասին ենք որոշել»,- ասաց երգիչը:
Իննան իր հարսի պարը ներկայացրել է Գուրգենի կատարման ներքո: Երգիչը հայտնեց, որ ընտրել են երգ, որը նախկինում հնչել է, սակայն հայտնի չէ: Իրենք մոտ 2 ամիս աշխատել են երգը նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ ներկայացնելու համար:
«Ստեղծագործությունը նախկինում երգված է, բայց, չեմ կարծում, որ հայտնի է: Նախապատրաստական փուլում խելք խելքի տալով՝ հասկացանք, որ ավելի հետաքրքիր կլինի, եթե հարսի պարը լինի իմ կատարման ներքո: Ես մինչև վերջ չէի տեսել հարսի պարը, միայն հարսանիքից մեկ օր առաջ սրահում փորձ անելու ժամանակ ինչ-որ պահեր տեսա, սակայն ամբողջական տարբերակը տեսա հենց հարսանիքի ժամանակ: Շատ գեղեցիկ էր»,- ասաց Գուրգենը: