Իսկական հրաշք. Ինչպես է 27 աստիճան ցրտին 30 ժամ փլատակների տակ մնացած 11 ամսական փոքրիկը ողջ մնացել: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

11 ամսական Վանյա Ֆոկինին, ում փրկարարները հանել էին Մագնիտոգորսկում փլուզված շենքի փլատակների տակից, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են սովորական հիվանդասենյակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

Փոքրիկին հունվարի 1-ին Մագնիտոգորսկից տեղափոխել էին Մոսկվա: Նրա մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք, կոտրվածքներ, վերջույթների լուրջ ցրտահարում, երիկամների գործառույթների խախտում եւ ջրազրկում: Մոսկվայում կատարված դիագնոստիկ հետազոտությունները ցույց են տվել, որ փոքրիկի գլխուղեղը վնասված չէ:

«Նա արդեն հիվանդասենյակում է: Երեխան մոր հետ հարմար տեղավորված է: Փոքրիկը դեռեւս չի քայլում, սակայն կարողանում է կանգնել մահճակալի մեջ»,-ասել է Սկվորցովան:

Բժիշկներին հաջողվել է պահպանել փոքրիկի ոտքը, որը շատ լուրջ ցրտահարված վիճակում է եղել: Վանյան փլատակների տակ անցկացրել է ավելի քան 30 ժամ, իսկ այդ ընթացքում մինչեւ -27 աստիճան ցուրտ է եղել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկում 10-հարկանի շենքի մուտքերից մեկը փլուզվել էր: Մահացել էր 39 մարդ, որոնցից  6-ը՝ երեխաներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: