Հայր մեր, որ երկնքում ես, ընդունիր աղոթքս շնորհակալության, որ ուղղված է Քեզ, որը ասում եմ Քեզ ամեն վայրկյան, ամենուր, անգայթ ու անտրտունջ, բարձրաձայն թե լռելյայն:
Շնորհակալ եմ Քեզանից, որ կարողացար ընդունել ինձ, լսել, հասկանալ, երբեք չհոգնել ինձ ականջալուր լինելուց ու ավելի շատ, երբ նեղված էի ու խռոված աշխարհից ու բոլորից, թույլ տվեցիր ինձ համարձակորեն բացել սիրտս Քո առաջ, մեղքերս լվանալ ափերիդ մեջ, չամաչել զղջմանս արցունքներից, կուչ գալ անզորությունից, բայց զորեղանալ՝ Քեզ հետ զրուցելով, սթափվել՝ Քո ձայնը լսելով, երջանկանալ՝ Քո ներումը զգալով: