Ակտիվ կյանք եմ սկսելու, ամեն ինչ հասցնելու եմ. Քրիստինե Պեպելյան

Հայտնի երգչուհի Քրիստինե Պեպելյանը, որը դեկտեմբերի 12-ին որդի է ունեցել այսօր «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ փոքրիկի հետ միասին արդեն տուն են վերադարձել եւ ամեն ինչ նորմալ է. «Փառք Աստծո՝ ամեն ինչ նորմալ է, մեր հանդիպումը կայացել է եւ մենք տանն ենք, իսկ երջանկությանս անունն Արեգ է»:

38-ամյա երգչուհին ասաց, որ աննկարագրելի զգացողություններ ունի. «Չգիտեմ ինչ զգացողություն է դա, ինչ բառեր կարելի է գտնել արտահայտելու համար, բայց կարծում եմ՝ բոլոր մայրերի մոտ նույն զգացողությունն է լինում, ուղղակի ամեն մարդ յուրովի է դրսեւորում»:

Քրիստինե Պեպելյանն ասաց, որ այլեւս երկրպագուներին սպասեցնել չի տա: Երգարվեստում իր կողմից երկարատեւ դադար է եղել, բայց նախքան որդու լույս աշխարհ գալը: Նշեց, որ այս ընթացքում կարողացել է դասախոսի իր աշխատանքը կատարել: Երգչուհին դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ վստահաբար հայտնեց, որ փոքրիկի պատճառով դասերը չեն տուժելու, որովհետեւ ունի ուսանողներ, որոնք այս տարի ավարտական կուրսում են:

«Երգարվեստում էլ շատ չեմ ուշանա, այն ընթացքում, երբ ես սպասում էի Արեգին, դադար իսկապես երկար եղավ: Հիմա արդեն ակտիվ ստեղծագործական կյանք պետք է սկսեմ: Ամեն ինչ հասցնելու եմ: Ամեն ինչ իր ժամանակին»,-ասաց երգչուհին: Պեպելյանը շնորհակալություն հայտնեց բոլոր շնորհավորանքների համար՝ ասելով, որ բոլոր նրանք, ովքեր ուրախացել են իր երջանկությամբ, բոլորին ցանկանում է, որ նույնը՝ կրկնակի, եռակի եւ քառակի անգամ վերադառնա իրենց:

Понравилась статья? Поделиться с друзьями: