Այս երեք ողորմելի ուժերը պետք է հավասար պատասխանատվություն կրեն պետական հանցագործության՝ Սահմանադրական կարգի ոչնչացման եւ իշխանության յուրացման համար:

«Մենք չեն պատրաստվում կոալիցիա կազմել մի քաղաքական ուժի հետ, որտեղ մեր ձայնը վճռորոշ չի։ Մենք այլեւս այդպիսի կոալիցիաների մեջ չենք լինի, որտեղ առանց Դաշնակցության կարող են որոշումներ ընդունվել, սա մեր անցած ճանապարհի գլխավոր գնահատականն է, որը տալիս ենք մեր ամբողջ ճանապարհը վերլուծելով։ Մենք մնացել ենք այն պատասխանատվության տակ, որի համար ՀՅԴ-ն պատասխանատու չի, քանի որ չի եղել ամբողջական իշխանություն, բայց ընկալվել է որպես այդպիսին», ասել էՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Այսպիսով, ՀՅԴ-ն Հայաստանում վերջին գրեթե տասնամյակների իր անցած ճանապարհը վերլուծելով ու ամփոփելով, արձանագրում է, որ մեղավորն այդ կոալիցիաներն են, որոնց նա միացել է, մնալով պատասխանատվության տակ: Այսինքն՝ դաշնակները ոչ թե փողի ու քվոտաների, այլ հանուն վեհ նպատակներ իրագործելու միացել են կոալիցիաներին, բայց իրենց չեն լսել: Իրենք միամիտ են եղել, հավատացել են իշխող համակարգին:

Օրերս ՀՀԿ-ն հրապարակեց իր բանաձեւը, որից պարզվեց, որ կուսակցության սխալն ու բացթողումը այն էր, որ թուլացել էր կենտրոնական գրասենյակի ու տեղական կազմակերպությունների միջեւ կապը: «Թուլացավ կապը կուսակցության կենտրոնի և տարածքային, շրջանային ու սկզբնական կառույցների միջև: Շարքային կուսակցականների ձայնը դժվար լսելի դարձավ, և ներկուսակցական ժողովրդավարության մեխանիզմները նահանջ ապրեցին», ասվում է այդ փաստաթղթում: Իսկ մնացյալը հրաշալի է՝ երկիրը ՀՀԿ-ի օրոք բուռն զարգացել է բոլոր ոլորտներում, ըստ փաստաթղթի:

Ըստ ամենայնի, այդ բուռն զարգացման պատճառներից մեկն էլ այն է եղել, որ իրենց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի ձայնը լռեցրել են, ասել են՝ էս ձեզ քվոտաներն ու մանդատները, մեզ մի խանգարեք: Իսկ Ռուստամյանն էլ դեռ գանգատվում է:

Ինչ վերաբերվում է երրորդ ավանդական կոալիցիոներին՝ ԲՀԿ-ին, այս ուժն ընդհանրապես կարիք չի զգում վերլուծել իր անցած ճանապարհը, եւ քաղաքական անմեղսունակությանը սահմանակցող թեթեւությամբ քննադատում է իր նախկին կոալիցիոն գործընկերներին նույն բաների համար, որոնք բնորոշ են իրեն: Օրինակ, խնամի-ծանոթ բարեկամի, ընտրակաշառքի եւ այլնի համար, այն դեպքում, երբ ասենք ներկայիս խմբակցությունը կազմվել է հենց այդ սկզբունքով, նորն էլ է լինելու այդ սկզբունքով:

Այս երեք ուժերը պետք է հիշեն հետեւյալը. Նրանք լիարժեք ու հավասար պատասխանատվություն են կրում պետական հանցագործության՝ Սահմանադրական կարգի ոչնչացման եւ իշխանության յուրացման համար: Նման հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ: Պատասխանատվությունը արժանապատիվ ստանձնելու փոխարեն չքմեղանալու այդ ողորմելի փորձերը կարող են հետագայում օգտագործվել իրենց իսկ դեմ:

Понравилась статья? Поделиться с друзьями: