Բաց նամակ Էդվարդ Շարմազանովին

Բաց նամակ Էդվարդ Շարմազանովին


Պարոն Շարմազանով.
վերջին ամիսներին խուսափել եմ Հանրապետական կուսակցության կամ հանրապետականների մասին որևէ բան գրել, որովհետև, ինքնավերլուծության ու ինքնադատափետման ապրումների մեջ էի: Մեղսավորության զգացումն ու այս մտքերը ունեցել եմ դեռ թավշյա հեղափոխությունից էլ շատ առաջ, իսկ հեղափոխությունից հետո և, մանավանդ՝ հանրածանոթ բացահայտումներից հետո, առավել քան համոզվել եմ դրանցում:
Դուք ինձ օգնեցիք դուրս գալու մեղսավորի այդ վիճակից, շնորհակալ եմ: Ձեր (և ոչ միայն ձեր) պարբերաբար հնչող ելույթների բնույթը ինձ ստիպեց գրել այս նամակը, քանի որ շատերին թվում է, թե նրանք, ովքեր աշխատել կամ շարունակում են դեռ աշխատել պետական հիմնարկներում և ժամանակին ստիպված կամ աշխատանքը չկորցնելու մտահոգությամբ, ստիպողաբար, ընդգրկվել են ՀՀԿ-ի շարքերը և հիմա լռում են, ուրեմն համաձայն են ձեր հետ և սպասողական վիճակում են, թե շուտով ՀՀԿ-ն ռևանշի է գնալու և հաղթելու է, կամ հեղափոխությունն է ձախողվելու… Այսինքն, իմ և իմ նմանները՝ հազարավոր մանկավարժներ, բուժաշխատողներ, մշակույթի և արվեստի մարդիկ, որոնք հանրապետական են եղել և դեռ լռում են, ուրեմն պորտալարը չեն կտրել ՀՀԿ-ից և հարմարվողական մարաղ են մտել, թե ուր որ է իշխանությունը կփոխվի և «մերոնք» ետ կգան: Մինչդեռ, դա այդպես չէ: Սոսկ մեղսավորության զգացումն է ստիպում լռելու, քանզի, հանրապետականի պիտակը անկարողություն և հոգեբանական վեհերոտություն է ծնում՝ համարձակություն չտալով բարձրաձայնել, որ իրենք երբևէ մոտ չեն եղել ՀՀԿ էլիտայի կերակրատաշտին, որ (որքան էլ վիրավորական է դա խոստովանելը) իրենց պարզապես բանեցրել են ընտրություններին ձայն տալու-բերելու համար, իսկ այժմ ակամա դարձել են testes muti:
Քաջ գիտակցելով, որ երդվյալ հանրապետականներդ և թավշյա հեղափոխության ակտիվիստ-կողմնակիցներից ոմանք, իմ այս հրապարակումը իմ դեմ են շահարկելու, չեմ կարող չասել, որ նմաններս դեռ էն գլխից հիացած չենք եղել ՀՀԿ-ով և լիովին ողջունում ենք հեղափոխությունը, պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով ծառայելու ներկայիս կառավարությանն ու վերջապես ազատորեն միակամ դարձած մեր ժողովրդին: Եթե ես, լինելով հանրապետական, սասանել եմ իմ հեղինակությունը, ապա՝ մտավորականիս պարտքը իմ ժողովրդի առջև, խղճիս առջև՝ անսասան է:
Ես չեմ ցանկանում թվարկել այն հակաժողովրդական, անմարդկային բազմաթիվ երևույթները որոնք կային ու ծաղկում էին ՀՀԿ-ի իշխանության օրոք: Դրանք հանրահայտ են:
Ինձ հետաքրքրում է մի բան. մի՞թե դուք չեք գիտակցում, որ ՀՀԿ-ի վերակենդանացման հույսերն ապարդյուն են: Ոչ ոք, այլևս ոչ ոք չի ցանկանա ապրել անարդարության, բանդիտիզմի, թայֆայության, ընտրակեղծիքի, կոռուպցիայի և գողապետության երկրում: Ժողովուրդն անդառնալիորեն ընտրել է իր ճակատագիրը, իր տեսլականների իրականացման հնարն ու ճանապարը: Թող որ այդ ճանապարը դժվարին է լինելու, մաքառելու ենք: Բայց գոնե գիտենք, թե՝ հանուն ինչի: Ինչու՞ եք մութ խութեր ստեղծում այդ ճանապարհին: Մի՞թե չեք գիտակցում, որ ամենաարդարադատ ու ամենաահեղ դատարանն այն է, երբ ժողովուրդն է դատավորը: Ապաշխարելու փոխարեն ինչո՞ւ եք ձեզ գամում մեղադրյալի աթոռին: Ձեզ թվում է, թե ընտրություններին ժողովուրդը վստահելու է՞ ձեզ…
Այն ինչ գրեցի, դարձի բերելու համար չէ, ես այդ հավակնությունը չունեմ: Պարզապես իմացեք, որ ձեր և ոչ մի խոսքն ու ելույթը հավանության չեն արժանանում մարդկանց կողմից, բացառությամբ, թերևս, նրանց, ովքեր դեռ նավապետ են իրենց երևակայում՝ բարոյապես խորտակված նավի վրա:

(Visited 667 times, 450 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: