Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մեղրիում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց, որ վերջին շրջանում շատ է քննարկվում, թե ինչ տնտեսական իրավիճակ է ՀՀ-ում: «Մեր կարծիքով՝ ՀՀ-ում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց: Ի՞նչ նկատի ունեմ՝ նախկին տնտեսական աճերը կառուցված էին հետևյալի վրա՝ հանքարդյունաբերություն, այսինքն՝ ընդերքը քանդում ու արտահանում ենք, երկրորդ՝ խաղադրույքներ, երրորդը՝ գյուղատնտեսություն:
Մեր նպատակն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական արդյունաբերական երկիր: Եվ շատերը մեզ ասում են՝ դուք գյուղատնետսությանը դեմ եք: Մենք ո՞նց կարող ենք գյուղատնտեսությանը դեմ լինենք, մենք ասում ենք, որ մեր գյուղատնետսությունը պետք է լինի առավել արդյունավետ»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ այս տարի գյուղատնտեսության զարգացման համար ստեղծվել են շատ լավ նախադրյալներ: Այս տարվա 10 ամիսներին ՀՀ-ից արտահանվել է 80 մլն դոլարի գյուղմթերք՝ նախորդ ամբողջ տարվա 49 մլն դոլարի փոխարեն: Այս տարվա 10 ամիսներին, նրա խոսքով, մանածագործական իրերի արտահանումը կազմել է 200 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճը 75 տոկոս է: Այսինքն՝ տեքստիլ ոլորտի արտահանումն աճում է: Սա նշանակում է, որ տեքստիլ ոլորտում, ըստ Փաշինյանի, այս տարի հարյուրավոր նոր աշխատատեղեր են բացվել:
«Եվ ես սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ բոլոր բայղուշություններին ուշադրություն չդարձնեք: Եվ ընդհանրապես այս ընտրություններին արժե բոլոր բայղուշներին դուրս շպրտել քաղաքական դաշտից, որպեսզի իրենք իրենց բայղուշությանը վերջ տան»,- հայտարարեց նա: