Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին Շենգավիթ բժշկական կենտրոնում նորածին է մահացել։ Նորածնի ծնողները, հարազատները համոզված են, որ երեխայի մահը վրա է հասել ծնունդն ընդունող բժշկի մեղքով, քանի որ ծննդկանը փայլուն հղիություն է ունեցել, անգամ ուրբաթ օրը կոնսուլտացիայի ժամանակ դա փաստել է բժիշկը։ «Շաբաթ օրը՝ առավոտյան ժամը 9-ին երեխան ծնվել է։ Ժամը 10-ին մեզ արդեն ասացին, որ երեխայի վիճակը լավ չի, 10։30-ին վերակենդանացման բաժնի վարիչն է մեզ կանչել ու համոզել, որ Աստված կանչենք, որ երեխայի սիրտը չաշխատի, երեխան մահանա, քանի որ երեխայի ուղեղն էլ է վնասված և եթե ապրի էլ, թերզարգացած է լինելու։
Մենք պնդեցինք՝ երեխային տան մեզ, որ տեղափոխենք այլ հիվանդանոց, մեզ կարճ պատասխանեցին, որ երեխայի հետ հույս չփայփայենք, և արդեն 14։30-ին ինչ-որ կին է մոտենում մեզ, փաստաթղթեր է ուզում, որ երեխայի մահվան վկայական տրամադրեն»,- պատմեց ծննդկանի ազգական՝ ամուսնու եղբայրը՝ Անդրանիկ Գևորգյանը՝ հավելելով. «Այս ամենը եղել է բժշկի անփութության պատճառով։ Ամբողջ հղիությունը իդեալական է եղել։ Անգամ ուրբաթ օրը կոնսուլտացիայի ժամանակ բժիշկը ասել է, որ ամեն ինչ ոչ թե լավ է, այլ իդեալական։ Բայց բժիշկների մեղքով մեր երեխան այսօր մահացել է»։
Մեր զրուցակիցը պատմեց, որ ծննդկանը ուշքի գալուց հետո իրենց պատմել է, թե ինչ անփութություն ու անուշադրություն է եղել ծնարանում։ «Մեր հարսը պատմեց, որ իրեն բացարձակ ուշադրություն չեն դարձրել։ Պահանջել է իրեն կեսարյան հատում անել, բայց բժիշկը շատ կոպիտ ձևով պատասխանել է՝ դու չես որոշում, ախչի։ Հարսս երբ զգացել է, որ երեխայի սիրտն արդեն սկսում է չաշխատել, պահանջել է ամուսնուն կանչել, բայց ծնունդ ընդունող բժիշկը կրկին կոպտել է՝ հո դու շառ չես, ախչի ջան, ուժ տուր թող երեխան ծնվի, կարո՞ղ ա մնաս վրես։ Այ այս մակարդակի խոսակցություն է եղել»,- պատվեց մահացած նորածնի հորեղբայրը։
Նրա խոսքերով՝ երեխայի ծնվելուց հետո իրենց մոտենում է ծնարանի բաժնի վարիչը և ասում է, որ երեխան սրտի հետ խնդիրներ ունի, հարազատները պահանջում են շտապօգնություն կանչել, որ երեխային տեղափոխեն այլ հիվանդանոց, բայց հնչում է պատասխան, թե Աստված կանչեք, որ սիրտը չաշխատի, քանի որ երեխայի գլխուղեղն էլ է վնասված։