ՀՀ կառավարությունը ՀՀ ժողովրդինն է և ՀՀ-ն չի թալանում, սա այն փոփոխությունն է, որի մասին մենք երազել ենք շատ երկար տարիներ, սա փոփոխությունների փոփոխությունն է, մնացածն արդեն տեխնիկայի խնդիր է և ժամանակի հարց է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում դիմելով քաղաքացիներին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով նախորդ և ներկայիս իշխանության գլխավոր տարբերությունը: «ՀՀ-ում իշխանությունը ձևավորված է ժողովրդի կողմից, և ՀՀ իշխանությունը չի փորձելու ժողովրդի ձեռքից վերցնել իշխանություն ձևավորելու իրավունքը և արտոնությունը: Մենք եղունգներով ճանկռելով իշխանություն չենք փորձելու պահել, ինձ համար կլինի ամենամեծ ողբերգությունը, եթե պարզվի, որ իմ՝ ՀՀ վարչապետ լինելը հարկավոր է ինձ և ոչ թե ՀՀ քաղաքացիներին»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ տնտեսության մեջ թռիչքային փոփոխություն կլինի, երբ արձանագրեն փոփոխությունների անշրջելիությունը և կիրառեն նույն բանաձևը, ինչ քաղաքական փոփոխություններում: «Հետագա կյանքի փոփոխությունը ևս պետք է տեղի ունենա ՀՀ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ և աշխատանքով պետք է տեղի ունենա: Եթե որևէ մեկը բազմոցին պառկած սպասում է, թե երբ է կառավարությունը փոխելու իր կյանքը, այդ մարդու կյանքը երբևէ չի փոխվելու, այլ կփոխվի, երբ կառավարությունն իր անելիքը կանի, և այդ քաղաքացին որոշի վեր կենալ և իր կողմից անել որևէ բան:
Մենք մեր քայլարշավը շարունակում ենք հին տնտեսական համակարգից քայլելով, գնում ենք նոր տնտեսական համակարգ, երբ մեզ հետ քաղաքացիները կքայլեն, այդ փոփոխությունը տեղի կունենա»,-ասաց նա:
Անդրադառնալով սոցիալական նպաստներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «փարոս» ստացող մարդիկ կան, ովքեր ամիսը մեկ միլիոն դրամ վարկ են փակում կամ 400-800 հազար դրամ վարկ են տալիս: «Մենք ասում ենք, որ չենք լափում ձեր վճարած հարկերը, բայց դուք պետք է հարկերը վճարեք, քանի որ ես պնդում եմ, որ հարկ չվճարող քաղաքացին նույնն է, թե կաշառակեր նախարարը կամ վարչապետը»,-ասաց նա և կոչ արեց պահանջել հաշվիչ դրամարկղային կտրոնները: Նա նաև նշեց, որ Հարկային նոր օրենսգրքով մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները պետք է հարկերից ազատվեն:
«ՀԴՄ-ական դիկտատուրա պետք է հաստատվի, և քաղաքացին պետք է դա հաստատի»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նաև միտում նկատեց, որ իշխանությունից փորձում են կերտել իշխանության իմիջ` բառի վատ իմաստով: «Հայաստանում լավ իշխանություն երբեք չի եղել, իշխանություն, որ մարդիկ չատեն, 90 տոկոսով չի եղել, բայց ես սա թույլ չեմ տալու»,-ասաց նա:
Անդրադառնալով լրատվական դաշտին՝ վարչապետն ասաց, որ լրատվական դաշտում փորձ է արվում իրենց իշխանությունը «հանրապետականացնել: «Փորձում են ասել` ոչ մի տարբերություն չկա, ահա այս իշխանությունը նույնպիսին է, ինչպիսին նախորդները, և բերվում են «անհերքելի» փաստարկներ: Ասում են՝ ՀՀԿ-ականները երկու ականջ, երկու աչք մի քիթ, մի բերան ունեին, նախկին վարչապետն էլ ուներ, ներկայինս էլ ունի, ոչ մի տարբերություն: Ես պատկերավոր եմ ներկայացնում, բայց էությունը դա է, դա արվում է ցույց տալու համար, որ Հայաստանի փոփոխություններն անիմաստ են, և այդ քարոզչական արշավի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իմ ընտանիքի և մերձավոր շրջապատի դեմ քարոզարշավը»,-ասաց նա: