Ինչու է Փաշինյանը մերժել է Սեֆիլյանի դիմումը․մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանի դիմումը հետին ամսաթվով քաղաքացիություն ստանալու համար մերժվել է։

Սեֆիլյանն օգոստոսի 1-ին դիմել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետին ամսաթվով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից պատասխան են ստացել, որ այդ հարցը կարող է լուծվել դատական կարգով։ Սեֆիլյանը դիմել է նաև բնականոն ընթացակարգով քաղաքացիություն ստանալու համար, սակայն, դրա պատասխանը նույնպես չկա։
Դժվար է կանխատեսել, թե ինչպիսի ընթացք կստանա Սեֆիլյանին քաղաքացիության ստացման հարցը, սակայն արդեն ակնհայտ է, որ ամենայն հավանականությամբ, նա չի կարողանա մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ չի հասցնի մինչև այդ քաղաքացիություն ստանալ կամ եթե նույնիսկ սովորական ընթացակարգով քաղաքացիություն ստանա, ապա չի բավարարելու թեկնածու առաջադրվելու այն չափանիշներին, որոնք ամրագրված են Հիմնական օրենքում։
Առաջին հայացքից իրավական թվացող այս խնդիրն իրականում ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ։ Բանն այն է, որ Ժիրայր Սեֆիլյանի ներկայությունը «Սասնա ծռերի» համամասնական ցուցակի առաջին համարում սկզբունքային նշանակություն ուներ այս կուսակցության համար։ Սեֆիլյանն իր թիմի, ըստ էության, միակ խարիզմատիկ գործիչն է, որը կարող էր կոնսոլիդացնել հասարակության այն սեգմենտներին, որոնք քաղաքական արմատական տրամադրությունների կրող են ու հանդես են գալիս շատ ավելի կոշտ պահանջներով։ Շատերը նույնիսկ կարծում էին, որ Սեֆիլյանի խարիզման թույլ կտա, որպեսզի արմատական այս կուսակցությունը հաղթահարի անցողիկության շեմը ու հայտնվի խորհրդարանում։
Սակայն նման հեռանկարը հնարավոր էր, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոնե լոյալ վերաբերմունք ցուցաբերեր «Սասնա ծռերի» հանդեպ։ Սակայն վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը ցուցադրական քայլերով փորձում է իր իշխանությունը սահմանազատել Սեֆիլյանի թիմից՝ հետևողականորեն մնալով այն դիրքորոշմանը, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ։
Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը գործնական քայլեր արեց հասարակական համերաշխություն հաստատելու ուղղությամբ ու այդ համատեքստում ազատության մեջ հայտնվեցին ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանն ու նրա գործով անցնող մյուս մեղադրյալները, այլ նաև՝ «Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները, բացառությամբ՝ երկուսի, որոնք անմիջականորեն մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։
Սակայն «ծռերն», ըստ ամենայնի, սխալ ընկալեցին վարչապետի հումանիստական քայլը՝ նրա վարքագծի մեջ թերևս տեսնելով թուլության բաղադրիչ ու սկսեցին հետևողականորեն մեծացնել ճնշումները, նույնիսկ՝ շանտաժը, Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ՝ նրա առաջ դնելով խնդիրներ, որոնք, ըստ էության, դուրս էին օրինականության դաշտից։
Արյուն և գիլյոտին՝ մոտավորապես սա են պահանջում Ժիրայր Սեֆիլյանն ու նրա թիմը, ինչը միանգամայն հակոտնյա է ոչ բռնի, թավշյա հեղափոխության համատեսքտին։
Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի համարժեք քաղաքական գնահատականը չուշացավ։ Համաներումը «ծռերի» վրա տարածվելու է, եթե դրան չառարկեն տուժողները։ Իսկ տուժողները ոչ միայն առարկում են համաներմանը, այլ կարծում են, որ զինված խմբի անդամները համարժեք պատիժ պետք է կրեն։ Այլ խոսքով՝ «Սասնա ծռերը» գտնվում են խորհրդարանի ու բանտի խաչմերուկում ու կանխատեսելի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններում պարտությունից հետո նրանցից ոմանք կարող են վերադառնալ բանտեր, եթե դատարանը ՊՊԾ գնդի իրադարձությունների մասով վճիռ կայացնի։
Խորհրդարանական ընտրությունները յուրօրինակ վստահության թեստ են «ծռերի» համար․ եթե հասարակությունը մերժի նրանց մուտքը խորհրդարան, ապա իրավական հարթության վրա ազատվում են իշխանության ձեռքերը՝ քրեական գործը դուրս բերելով քաղաքական շահարկումների հարթությունից։
Ժիրայր Սեֆիլյանը դուրս դրվեց ընտրական գործընթացից, իսկ դա ենթադրում է, որ նրա կուսակցությունը խորհրդարանում հայտնվելու գործնական շանսեր չունի։

Понравилась статья? Поделиться с друзьями: