40 տարուց ավել Կալիֆորնիայում բնակվող Ալեք Բաղդասարյանը բավականին հաջողակ բիզնեսմեն է ԱՄՆ-ում: Նա ղեկավարում է իր կողմից հիմնադրած ծրագրավորման IIG ընկերություննը, որը գրասենյակներ ունի Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Հայաստանի մարզերում եւ Արցախում:
Չնայած Բաղդասարյանը տասնամյակներ ԱՄՆ-ում է ապրոմ, այնուամենայնիվ, տարին մի քանի անգամ հասցնում է լինել Հայաստանում: Հայաստանյան իր կոլեկտիվին ընդգրկում է կրթական ծրագրերում, սովորեցնում ծրագրավորման լեզուն, ապա հաղորդակից դարձնում աշխարհի՝ այդ ոլորտի ընթացքին: «Ամերիկացիները լավ արտահայտություն ունեն՝ երկու կողմն էլ հաղթող է, այսինքն՝ իրավիճակ, որ երկու կողմի համար էլ շահեկան է: Իմ պատմությունն էլ այդպիսին է՝ ինձ համար է լավ Հայաստանում ընկերություն ունենալը, եւ դա լավ է այն երիտասարդների համար, որոնք մեր թիմի անդամ են ու կարողանում են սպասարկել դրսի շուկան»,- նշում է Ալեք Բաղդասարյանը: Վերջինս հյուրանոցային բիզնես ունի Արցախում՝ Շուշիում: «Շուշի Պլազա» հյուրանոցը հենց նրանն է. ըստ նրա՝ այն վնասով է աշխատել, բայց կարեւորը գաղափարն է: Բացի այս, Բաղդասարյանն ԱՄՆ-ում Հայ կրթական միության հոգաբարձուների խոհրդում է. Միությունը բավականին ծանրակշիռ հեղինակություն ունի դրսում, իսկ Հայաստանի ներսում այն հասցրել է տասնյակ միլինավոր դոլարների ծրագրեր իրականացնել:
— Թավշա հեղափոխությամբ Նոր Հայաստան ունենք: Այս իրավիճակը ձեզ նոր ծրագրերի ու նախաձեռնությունների մասին մտածելու առիթ տվե՞լ է:
— Ես միշտ պարտակամության զգացողություն ունեցել եմ, որ պիտի Հայաստանում աշխատեմ: Երբեք որեւէ կառավարութան չեմ դիմել, պաշտոնի ակնկալիք չեմ ունեցել, բայց մշտապես հայրենիքիս համար աշխատել եմ տարբեր նախագծերի շրջանակներում: Թավշյա հեղափոխությունն ավելին է տվել, քան միայն հնարավորություն գործելու Հայաստանում: Իմ գրասենյակները 90-ականների վերջից գործում են Հայաստանում, եւ ես երբեք խնդիր չեն ունեցել հարկային կամ այլ պետական մարմինների հետ: Խնդիրը դա չէ. թավշյա հեղափոխությունը մարդկանց մեջ հավատ է արթնացրել: Տարիներ շարունակ լինելով Հայ-ամերիկյան բիզնես խորհրդում՝ հիմա նոր տեսնում ու զգում եմ, թե ինչքան հզոր է հավատքի ուժը ժողովրդի մեջ, հավատում են, որ կարող են Հայաստանում գործել, զարգացնել երկիրը: Տարիներ շարունակ մարդկանց համոզում-խնդրում էինք, որ եկեք Հայաստան, բիզնես ու աշխատավայր ստեղծենք, բայց միշտ ծաղրում-չարախնդում էին, թե կգնանք էնտեղ դրամները ձեռքներիցս կառնեն եւ այլն, եւ այլն:
Բայց հիմա այդ մոտեցումը փոխվել է, կարողանում եք մարդկանց մեջ այդ վստահությունը տեսնել: Քննարկումների, հանդիպումների միջոցով հորդորում ենք՝ օր առաջ գնալ ու սկսել, հետո գալ այդ հաջողությունն այստեղ ներկայացնել: Հազար խոսքը մի գործով կարող է փակվել: Լավ փորձառությունը կայծակի նման կտարածվի ու ավելի կուժեղացնի ցանկությունը նոր ծրագրեր ձեռնարկելու: Մեր անելիքն այսօր ԱՄՆ-ում մեր կազմակերպության միջոցով ցույց տալ ճանապարհները, առավել գրավիչ ուղղությունները:
— Ստացվո՞ւմ է մի բան տեղից շարժել:
— Մեր արդյունավետությունն ավելին կլինի, եթե հայաստանյան համապատասխան կազմակերպությունները կամ թեկուզ կառավարական շրջանակները մեզ ապահովեն անհրաժեշտ տեղեկատվությամբ, ուղղորդեն՝ ո՞ր կետերի վրա առավել աշխատանք ու ջանք դնենք: Գիտեք տարիներ շարունակ խնդիրներն այստեղ էլ են կուտակվել (նկատի ունի ԱՄՆ հայ համայնքը-խմբ), որովհետեւ Հայաստանից համապատասխան մեսիջներ չեն ուղարկվել: Այսօր 100 կամ 200, թեկուզ 50 Հազար ԱՄՆ դոլար ներդրողին պետք է ճիշտ ուղղորդել, որ արի կլինի փողդ էստեղ մի դիր, փոխարենը՝ էս քաղաքի այս ծրագրի ու գործի մեջ դիր ու հավանականությունն ավելի մեծ կլինի օգուտով դուրս գալու: Ինձ թվում է՝ այս աշխատանքն ինչքան շուտ սկսենք անել, այնքան կհաջողենք ավելի շատ մարդ տանել, թռոլինգի էֆեկտով ցանկությունը կմեծանա, ու տեմպն էլ կարագանա: Հիմա մենք գործարարներին ուղղորդում ենք մեր ունեցած ինֆորմացիայի չափով, ունենք մասնագետներ Հայաստանից, որոնց փորձառությունը կարեւորվում է այստեղի բիզնես շրջանակների կողմից, նաեւ փորձագետներ ունենք, որոնք մշակում են համապատասխան օրենսդրական դաշտը բացատրել-մատչելի դարձնելու ինֆորմացիոն մեխանիզմները:
— Ճիշտ հասկացա, որ մարդիկ ցանկություն ունեն Հայաստանում ներդերումներ անելու եւ գործ սկսելու: Այո՞:
— 100%: Ես հպարտ եմ, որ մենք հաղթահարել ենք այդ փուլը, որովհետեւ ոչ վաղ անցյալում, երբ հորդորում էինք Հայաստանում գործ սկսել, մեզ զարմանալով հարցնում էին՝ ապո՞ւշ եք, խե՞նթ ես: Հիմա գալիք 2-3 տարում տնտեսական պայթյուն է լինելու լավ իմաստով, ամենքը կզգան, փորձն էլ ցույց կտա՝ խանգարողներ չկան, կարող են հանգիստ գնալ ու սկսել:
— Այս պահին ի՞նչ նախագծերի շուրջ են ընթանում քննարկումներ պոտենցիալ ներդրողների հետ:
— Նայեք չորացրած պտուղին (չիր-խմբ.) տասնյակ դոլարներ ենք տալիս այստեղ՝ ԱՄՆ-ում, բայց այդ պտուղը հանգիստ կարող ենք Հայաստանում ու Արցախում ստանալ ու արտահանել: Գինու արտադրության մեջ հետաքրքրություններ կան: Տուրիզմ: Բայց ոչ սովարական տուրիզմ: Տուրիզ+բժշկություն՝ նկատի ունեմ ատամի իմպլանտ եւ ատամի հետ կապված տարբեր պրոցեդուրաներ: Հայաստանում դա բավականին որակով են անում եւ ահագին մատչելի գներով: Այստեղից էլ կարող են երիտասարդ բժիշկներ գնալ ու համադրել այստեղի ու այնտեղի բժշկական միտումները :
— Եթե չեմ սխալվում դուք անձամբ պատրաստվում եք խոշոր ներդրում իրականացնել. Սեւանում մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց նախագծի մասին եք քննարկել փոխվարչապետ Ավինյանի հետ: Ճիշտ ե՞մ:
— Այո, խոսել ենք եւ ստորագրված պայմանավորվածություն էլ ունենք:
Ծովափնյա լավ ծրագիր է, Հայաստանի համար ունիկալ, չկրկնվող բան կլինի, որովհետեւ Սեւանը տարվա մեջ մի քանի ամիս է գործածվում: Նպատակն է՝ այն դարձնել ողջ տարվա ժամանցի կենտրոն: Մինչ այժմ չի մտածվել՝ ինչպե՞ս անել, որ այն 12 ամիս օգտագործվի, այսինքն՝ ծածկված հատվածներ, ժամանակցի կենտրոններ, մոլ, խաղասրահներ եւ այլն: Սա մեծ տարածք է, որտեղ կարող են մեծ խանութներ լինել, լողավազաններ, բոուլինգի կենտրոն, հետաքրքիր այլ բաներ, որտեղ մարդը կարողանա 40 կիլոմետր Երեւանից հեռանալով՝ weekend անցկացնի: Սա շատ ծավալուն թեմա է, եւ արդեն որոշակի գործողություններ արել ենք: Հուսամ առաջիկայում ավելի կոնկրետ կխոսենք: