Մեր զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը
Պարոն Նորիկյան, ՀՀԿ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է եղել 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, որոնց արդյունքում տեղի ունեցան մարդկային զոհեր։ Ինչո՞վ է պայմանավորված այսպիսի գնահատականը ՀՀԿ-ի կողմից։
ՀՀԿ-ի տարածած հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ նրանք Նիկոլ Փաշինյանին բացահայտ կերպով մեղադրում են, որ նա վերջին 6 ամիսների ընթացքում իշխանությունն օգտագործելով ճնշում է գործադրել պատգամավորների վրա, առանձին գործարարների վրա։ Այսինքն՝ պետական իշխանությունը չարաշահելու մեջ են մեղադրում, իսկ մարտի 1-ի գործով անթաքույց, բացահայտ մեղադրելու խնդիր է դրվում՝ տարիներ շարունակ առաջ քաշելով այն թեզը, որ 2008-ին Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն են հրահրել «Մարտի 1»-ի ամբողջ ողբերգությունը։ Դա ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը, որովհետև ինքս էլ լինելով «Մարտի 1»-ի իրադարձությունների կիզակետում, ինքս եմ իմ աչքերով տեսել, որ այդ ժամանակահատվածում ընդդիմության ներկայացուցիչների գործողությունները սահմանափակված են եղել Մյասնիկյանի արձանի շրջակայքում, և մեծ ցանկության դեպքում անգամ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ չէր կարող ուղղակիորեն դառնալ իշխանությունների կողմից իրականացվող զանգվածային բռնությունների հրահրողը։ Ավելին, հենց իշխանությունը պետք է գտնվեր իր տեղում և չաներ քայլեր, որոնք հանգեցրեցին մարդկային զոհերի։
Նիկոլ Փաշինյանին «Մարտի 1»-ի դեպքերի հրահրող ներկայացնելով, ըստ էության, նաեւ փորձ է արվում առաջիկայում «Մարտի 1»-ի գործով հարուցված քրեական գործի հետագա ընթացքի վրա անուղղակի ճնշում գործադրել։ Ակնհայտ է, որ այդ քրեական գործի հետագա ընթացքը շատերի համար կարող է ուղղակի ճակատագրական լինել։ Դրա համար ՀՀԿ-ն փորձում է հասարակության մեջ այդպիսի ընդգծումով պահել լարվածությունը, որ «մարտի 1»-ի ողբերգական իրադարձությունների հրահրման կիզակետում եղել է գործող վարչապետը, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը։
Այս առումով, ակնհայտ է ՀՀԿ-ի հայտարարության քաղաքական ենթատեքստը։ ՀՀԿ-ն այս հայտարարության տեքստով խնդիր դրեց առաջիկա ժամանակահատվածում դառնալու գործող իշխանության միակ ընդդիմադիրը։ Ավելին, Վիգեն Սարգսյանը բացահայտ հորդորեց հասարակությանը ընտրություն կատարել իրենց և Նիկոլ Փաշինյանի միջև։ Սա խոսում է այն մասին, որ իրենք փորձելու են այդ քաղաքական գծով հասնել նրան, որ հասարակության մեջ որպես Նիկոլ Փաշինյանին այլընտրանք ընդդիմադիր ուժ ընկալվի ՀՀԿ-ն։ Իհարկե, ես չգիտեմ, թե իրենք ինչ հիմքերի և օբյեկտիվ հիմնավորումների արդյունքում են այդպիսի հավակնություն դրսևորում, բայց ակնհայտ է, որ այդ հավակնությունները չունեն որևէ հասարակական վստահության ռեսուրս, չեն արտացոլում հասարակական իրական տրամադրությունները։ Բացի այդ, հասարակությունը դեկտեմբերի 9-ին իր վստահության քվեով կտա բոլոր քաղաքական ուժերի իրական գնահատականը։
Կարծում եք ՀՀԿ-ն հասարակության մեջ որևէ աջակցություն չունի՞ և նրանք նոր ԱԺ-ում տեղ չե՞ն ունենալու, ինչպես պնդում են ՔՊ-ի որոշ ներկայացուցիչներ։
Ես հեռու եմ այն մտքից, որ ՀՀԿ-ն չունի որևէ սոցիալական աջակցություն կամ չունեն իրենց էլեկտորատը։ Բնականաբար, 20 տարի քաղաքական իշխանության ղեկին գտնվելով, տիրապետելով ահռելի նյութական ռեսուրսների, բացառում եմ, որ ընդհանրապես վստահության ռեսուրս չունենան, բայց դա այնքան նվազ է, որ չի համապատասխանում իրենց այսօրվա հավակնություններին։ ՀՀԿ-ն այսօր ցանկանում է դառնալ գործող իշխանության միակ ընդդիմությունը, դրանով ակնհայտորեն փորձում են սանիտարի գործառույթ իրականացնել քաղաքական համակարգում և ոչնչացնել հավակնություններ ունեցող մնացած քաղաքական ուժերին, որոնք չեն լինելու Նիկոլ Փաշինյանի դաշնակիցը։ ՀՀԿ-ն իր առջև խնդիր է դնում, օգտագործելով իր ունեցած նյութական ռեսուրսները, կուսակցական ենթակառուցվածքները, լիկվիդացնել մնացած քաղաքական ուժերին, որոնք հայտ կներկայացնեն Նիկոլ Փաշինյանին իրական այլընտրանք լինելու։ Սա շատ վտանգավոր խնդիր է, որովհետև, պատկերացրեք, եթե ընդամենը 6 ամիս առաջ իշխանությունից հեռացված քաղաքական ուժն այսպիսի նպատակ է հետապնդում, սա նշանակում է, որ նրանք հավակնում են հաջորդ իշխանությունը լինելու։ Այսինքն նրանք խնդիր են դնում վերադառնալ իշխանության, ինչը կարծում եմ՝ որևէ հիմք չունի։
ՀՀԿ-ում որոշակի փոփոխություններ եղան, պաշտոններից հեռացան Կարեն Ավագյանը, Հերմինե Նաղդալյանը։ Արդյոք այդ քայլերը որոշակի նոր շունչ են բերել այդ քաղաքական ուժին։
Ոչ, բացարձակապես: Ընդհանրապես ՀՀԿ-ում Կարեն Ավագյանի ու Հերմինե Նաղդալյանի պես մարդիկ քաղաքական որոշումների կայացման վրա որևէ ազդեցություն չեն ունեցել։ Քաղաքական որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցել է փոքր թիմը, Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը, օլիգարխիան, նյութական ահռելի կարողություններ ունեցող անձինք, որոնք սերտաճել էին իշխանության հետ։ Հիմա դրանց մի մասը կան, մի մասը հեռացել են, երրորդներն էլ լատենտային համագործակցություն են պահպանում ՀՀԿ-ի հետ։ Բայց մի բան ակնհայտ է, որ իրենց կողմից նման կեցվածքի որդեգրումը, լրատվական դաշտում իրենց վրա ուշադրության կենտրոնացումը, ընդհանրապես այդ քաղաքական ուժի, դրա ղեկավարի քաղաքական գործընթացներում լինելու հանգամանքը խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն չի համակերպվել քաղաքական իշխանությունը կորցնելու փաստի հետ և իրենք մտմտում են, պլանավորում են կամ իրենց առջև խնդիր են դրել վերադառնալու, չեն պատրաստվում գնալ պատմության արխիվ, և դա բացահայտ արտահայտվեց Վիգեն Սարգսյանի կողմից։
Մյուս կողմից, միայն այն փաստը, որ ՀՀԿ առաջին փոխնախագահ դարձավ Վիգեն Սարգսյանը, խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը գործում է, որովհետև Վիգեն Սարգսյանն այն գործիչն է, որ ուղղակիորեն վերջին 10 տարիների ընթացքում մշտապես եղել է Սերժ Սարգսյանի աջ ձեռքը։ Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի որոշիչ դերն այդ կուսակցությունում դեռևս պահպանվում է, և քաղաքական որոշումների կայացման գործում Սերժ Սարգսյանի դերակատարությունն ու կարծիքն առանցքային են։ Սա նշանակում է, որ մենք առաջիկայում այդ կուսակցության կողմից պետք է սպասենք քայլեր, որոնք պայմանավորված են լինելու Սերժ Սարգսյանի պատկերացումներով։ Համենայնդեպս, ես հույս ունեմ, որ մեր հասարակությունը դեկտեմբերի 9-ին այդ բոլոր հարցերի պատասխանը կտա։