«Ես ունեմ շատ հանրապետական ընկերներ, որոնց հարգում եւ սիրում եմ․․․ Օրինակ՝ Էդուարդ Շարմազանովն ու ես մանկության ընկերներ ենք, նույն քաղաքից ենք՝ Ալավերդուց, երկուսս էլ 1975-ի ծնունդ ենք, միասին ենք մեծացել, մեր մայրերը եղել են ընկերուհիներ, մենք բախտակից ենք նաեւ այն առումով, որ երկուսիս հայրերն էլ վաղ են մահացել․․․Մենք համարյա արյունակիցներ ենք», -«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց երգչուհի Լիլիթ Կարապետյանը՝ անդրադառնալով ներքին քաղաքական կյանքին, դաշտի՝ ճամբարների բաժանվելուն և այլն․․․
Լիլիթի խոսքով՝ եթե նույնիսկ իր տան անդամը լինի հանրապետական, ինքը՝ Փաշինյանի կողմնակիցը, դա իր համար նորմալ է.«Ամեն դեպքում, բազմազանություն պետք է»,-շեշտեց Լիլիթը…Նրան զայրացնում են այն մարդիկ, որոնք ակնկալում էին հեղափոխությունից անմիջապես հետո գլոբալ փոփոխություններ տեսնել երկրում… «Մարդիկ պետք է հիշեն, որ նախկին իշխանությունը բազմիցս խոստումներ է տվել, որոնք չի կատարել, կամ շատ ուշ է կատարել.. Հիմա պարոն Փաշինյանը ինչ էլ անի, երկնքից էլ աստղեր իջեցնի, անհնար կլինի կարճ ժամանակահատվածում դրական կտրուկ տեղաշարժեր գրանցել…
Պարզապես կան մարդիկ, որոնք անհամբեր են, բայց կան նաեւ մարդիկ, որոնք ուզում են պարոն Փաշինյանի վրա կեղտ բռնել… Բնականաբար, ամեն մեկս էլ անհանգստանում ենք մեր երկրի ճակատագրով, գիտակցում ենք, որ հեղափոխությունից հետո մի շրջան կարող է երկրի վիճակն էլ ավելի վատա նա, բայց նաեւ հույս ունենք, որ ներկայիս իշխանությունը դա թույլ չի տա եւ ամբողջ ուժերով կլծվի աշխատանքի»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը…Նա ուրախ է, որ այսօր արդեն ժողովրդի խոսքն է ամենակարեւորը, որոշիչը. «Մեր քաղաքացիներն առաջին անգամ իրենց մարդ են զգում: Սա ամենակարեւորն է, նրանք գիտեն, որ իրենց խոսքը պետք է դեր խաղա… Մնում է ամեն մեկս գիտակցենք, որ մեր տեղում պետք է անենք հնարավորը ձեռք բերածը չկորցնելու համար»,-եզրափակեց երգչուհին․․․