Ծառուկյանը եթե իրոք գործարար դառնա եւ հեռանա քաղաքականությունից, կարող է վարակիչ լինել բազմաթիվ այլ օլիգարխների համար:

ԲՀԿ ողջ թիմը կողմ է, որ նախընտրական ցուցակը գլխավորի Գագիկ Ծառուկյանը, այսօր հայտարարել է Ծառուկյան դաշինքից պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Մամուլում այսօր տեղեկություն կար, որ Ծառուկյանն իբր հրաժարվում է հանդիպել իր թիմի անդամներին, որոնք խուճապի մեջ են եւ չգիտեն, թե ով կլինի նախընտրական ցուցակում: Ավելին, եթե ինքը՝ Ծառուկյանը, չգնա ընտրությունների, կուսակցության խորհրդարան մտնելու հնարավորությունները մեծ չեն լինելու:

Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանի հետ մասնակցեց մայնինգի ֆերմայի բացմանը: Փաշինյանը Ծառուկյանին խոշոր բիզնեսմեն է անվանել:

Ծառուկյանին դադարել են օլիգարխ անվանել, իսկ դա ենթադրում է պատասխան քայլեր: Չի բացառվում, որ Ծառուկյանի տեղափոխությունը օլիգարխից խոշոր գործարար պետք է օրինակելի-ցուցադրական գործընթաց լինի մյուսների համար: Եթե մարդը գործարար է, չի կարող քաղաքականությամբ զբաղվել, ասում է օրենքը, ինչը նշանակում է, որ Ծառուկյանը կարող է հայտարարել քաղաքականությունից հեռանալու մասին «խոշոր բիզնեսի» համար երաշխիքների դիմաց:

Դա իհարկե չի կարող խուճապ չառաջացնել նրա կուսակցությունում: Պատահական չէ, որ արդեն խոսում են Նաիրա Զոհրաբյանին եվրոպական երկրում դեսպան նշանակելու եւ ԲՀԿ ցուցակում ներկայում հայտնի մարդկանց բացակայության մասին:

Ցուցակում Ծառուկյանի բացակայությունը նշանակու՞մ է, որ նրա կուսակցությունը չի մտնի խորհրդարան: Դա չի բացառվում՝ հաշվի առնելով հատկապես այն եռանդը, որով նա հիմա արդյունաբերական քաղաք՝ նոր արտադրամասեր ու ներ ձեռնարկություններ է կառուցում Նոր Առինջում:

Ծառուկյանի օրինակը, եթե իրոք գործարար դառնա եւ հեռանա քաղաքականությունից, կարող է վարակիչ լինել բազմաթիվ այլ օլիգարխների համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: