Կառավարությունը մերժեց Աշոտյանի ներկայացրած նախագիծը….ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»՝ Արմեն Աշոտյանի ներկայացրած նախագիծը:

ՀՀԿ-ական պատգամավորն այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունն այսօր մերժեց իմ օրենսդրական նախաձեռնությունը վարչապետին տրամադրված ինքնաթիռի և ուղղաթիռի օգտագործումը կանոնակարգելու մասին։

Օրենքի նախագծով առաջարկում էի, որ ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը:

Նաև առաջարկում էի, որպեսզի այդ փոխադրամիջոցներից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու փաստից ոչ ուշ քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում: Հրապարակումները պետք է պարունակեն տեղեկություններ օգտագործման նպատակի, օգտագործող անձանց ցանկի և պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին:

Մերժեց առավել թափանցիկ աշխատելու հնարավորությունը։ Մերժեց աննպատակ բյուջետային ծախսեր չանելու առաջարկը։ Մերժեց մամուլում պարբերաբար հրապարակվող սկանդալներից խուսափելու մեխանիզմը։ Մերժեց պետության հաշվին «իշխանական կայֆեր» չանելու կարգավորումը»:

Տեղեկացնենք, որ Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց օրենքի նախագծին՝ պետական անվտանգության, պետական և ծառայողական գաղտնիք չհրապարակելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև այն հանգամանքով, որ ճիշտ կլինի, որ վարչապետին կցված ուղղաթիռի և ինքնաթիռի սպասարկման կարգը հաստատի հենց ինքը՝ վարչապետը:

 
Понравилась статья? Поделиться с друзьями: