ԿԵՑՑԵՍ․․․Վալերի Օսիպյանի ջախջախիչ պատասխանը ՀՀԿ-ական Դավիթ Շահնազարյանին…

ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողներին ասել էր, թե ՀՀ ոստիկանությունը երբեւէ այսքան թույլ ու նվաստացած չի եղել իշխանության կողմից:«Այսօրվա ոստիկանապետը այս մասին պետք է մտածի, սա արժանապատվության հարց է ու կարեւորագույն խնդիրներից մեկը, ինչը ի զօրու չէ անել ներկա իշխանությունը, մենք ենք վերցնում մեր վրա, դա արժանապատվության վերականգնում է»:ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ անդրադարձել է Շահնազարյանի հայտարարությանը: Լրագրողների հարցին ի պատասխան, Օսիպյանն ասել է. «Ես հասկացել եմ, որ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունն անմիջապես ուղղորդված չէր ոստիկանությանը, թեպետ կարող եմ հակադարձել, որ պարոն Դավիթ Շահնազարյանը լավ չի տիրապետում այն ամենին, ինչը կատարվում է ներկայիս ոստիկանությունում: Իշխանությունը չի թուլացրել եւ չի նվաստացրել իր ոստիկանությանը: Ես իմ աշխատանքային տարիներին երբեւէ չեմ տեսել այնպիսի վերաբերմունք, ինչպիսին այսօր ես տեսնում եմ վարչապետի կողմից ոստիկանության նկատմամբ:Դա հոգատար ղեկավարի վերաբերմունքն է իր իրավապահ կառույցի նկատմամբ: Այն հարցերը, որոնք ես բարձրաձայնում եմ իր մոտ մեր առանձնազրույցների ընթացքում, տեսնում եմ, որ վերաբերմունքը սրտացավ է: Վստահեցնում եմ բոլորիդ: Հարգելի քաղաքացիներ, ՀՀ ոստիկանությունը երբեւիցե այսքան ուժեղ չի եղել, երբեւիցե բանիմաց չի եղել, երբեւէ պատրաստակամ չի եղել, որքան այսօր: Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության նվաստացած լինելը, ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության թույլ լինելը, խնդրում եմ բացատրեք: Ես եւ իմ գործընկերները չենք հասկանում, թե դա ինչ է նշանակում:

7 ամիս առաջ, մայիսի 10-ին ես նշանակվեցի այս բարձր պաշտոնին: Մեր անկախության 100-ամյակի հետ կապված բոլոր միջոցառումները ոստիկանությունն իրականացրեց ամենաբարձ մակարդակով: Մենք ունեցանք ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողով: Արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանը բոլոր այս միջոցառումները կազմակերպել եւ որեւէ դեպք չարձանագրել Հայաստանում: Արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանությունը կազմակերպել Երեւանի ավագանու ընտրությունները եւ երկուշաբթի օրը ընտրություններից հետո այնպիսի տպավորություն լիներ, ասես սովորական կիրակի էր:Արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանությունը ՀՀ-ում ներկա իրավիճակում վերահսկել կրիմինալ իրավիճակը: Երբեւիցե կրիմինալը չի եղել հսկողության տակ, ոնց որ հիմա է գտնվում: Ուղղակի հարցեր կան, որոնց մասին, ելնելով օպերատիվ գործողությունից, ինձ թույլ չեմ տալիս բացել փակագծերը: Բայց մենք գիտենք՝ դա որտեղից է գալիս, մարդիկ ուղղակի ուզում են, կներեք, էժանագին հեղինակություն ստեղծեն, փորձեն ցեխ շպրտեն ոստիկանության վրա, փորձեն թիրախավորեն ոստիկանությանը: Մենք այդ մարդկանց նկատմամբ ունենք օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները եւ տիրապետում ենք, թե նրանք ով են եւ իրենցից ինչ են ներկայացնում:

Վստահեցնում եմ, որ ոստիկանությունում մայիսի 10-ից մինչեւ առ այսօր չկան կոռուպցիոն դրսեւորումներ, չկա կաշառակերություն, պաշտոնների են նշանակվում շարքայինից մինչեւ գնդապետ միայն ու միայն բարեխիղճ ծառայության համար:

Աշխատող մարդն է միայն սխալվում, եւ ես, որպես ոստիկանապետ, չեմ բացառում, որ ունենամ սխալ նշանակումներ: Բայց ես կաշխատեմ ուղղել իմ սխալները: Վստահեցնում եմ, որ ոստիկանությունը երբեւիցե այնքան ուժեղ չի եղել, ինչպես այսօր է ուժեղ: Իսկ ուժեղն ինչո՞վ է պայմանավորված, մահակով ծեծելո՞վ:

Աստված մի արասցե, դրա անհրաժեշտությունը եթե լինի՝ մահակ էլ կկիրառվի, ջրցան էլ կկիրառվի, բայց միայն հանցագործների նկատմամբ կկիրառվի, դա կկիրառվի այն խումբ-խմբավորումների նկատմամբ, որոնք ոտնձգություն կկատարեն սահմանադրական կարգի դեմ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: