ՀՀԿ-ի թաքուն շանսը. որտեղ է շան գլուխը….

ՀՀԿ-ն կանցնի՞ խորհրդարան, թե ոչ: Հարցն ամենից հաճախ է հնչում այս օրերին: Ընդ որում, անորոշ է, թե ո՞րն է հարցադրման շարժառիթը: Շարժառիթները անշուշտ տարբեր են, սկսած զուտ «մարզական հետաքրքրությունից», մինչեւ քաղաքական հաշվարկներ կամ դրանց բացահայտման ակնկալիք:

Իրապես բավական բարդ է կանխագուշակել ՀՀԿ հնարավորությունը արտահերթ ընտրությանը: Ընդ որում, այստեղ անգամ ռեյտինգային ընտրակարգը չունի էական նշանակություն: Առանցքայինը թերեւս այն է, որ այդ գործընթացում միայն Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժն է, որ ունի ընտրական շատ հստակ հեռանկար: Մյուս բոլոր ուժերի դեպքում հնարավոր է նույն հարցադրումը՝ կանցնե՞ն խորհրդարան, թե ոչ: Ընդ որում, այստեղ ամենից ուշագրավը այն է, որ այդ բոլոր ուժերը մնացել են ոչ թե ինչ որ կայուն հանրային հենարանի, սոցիալական կայուն շերտի, այլ հեղափոխական գերակա մթնոլորտից դուրս գտնվող ըստ էության մարգինալացված տրամադրությունների հույսին:

Իսկ այդ դեպքում աշխատում է լոկ Նիկոլ Փաշինյանին մերժելու հանգամանքը: Ու քանի որ այս դեպքում կա գլխավոր «մերժվողը», բավական դժվար կանխատեսելի է դառնում, թե որ ուժի միջոցով հեղափոխական գործընթացից ու օրակարգից դուրս մնացած փոքրամասնությունը կորոշի «մերժել» Փաշինյանին:

Փաշինյանը մրցակցությունից դուրս է, սակայն միայն Փաշինյանը: Ընտրությանը մասնակցող մյուս ուժերը մրցակցությունից դուրս չեն, այդ թվում ՀՀԿ հետ մրցակցությունից: ՀՀԿ-ն շանս չունի Փաշինյանի հանդեպ, նրա գերակա ընտրազանգվածի մոտ, սակայն դրանից դուրս մնացած ընտրազանգվածի առնվազն մի զգալի հատվածում ՀՀԿ-ն շանս ունի եւ դա թող տարօրինակ չթվա: Եվ Փաշինյանի ընտրազանգվածից դուրս մնացած հատվածը շատ փոքր է նրա հանդեպ մրցակից համարվելու համար, սակայն բավական է ՀՀԿ-ին՝ հաջողության շանս փորձելու համար:

Ըստ այդմ, եթե ՀՀԿ-ն որեւէ կերպ հաղթահարի 5 տոկոսն ու անցնի խորհրդարան, այդտեղ ամենեւին պետք չէ տեսնել որեւէ դավադրություն, այլ ընդամենը նախորդ համակարգի մետաստազ, որովհետեւ ՀՀԿ-ն մրցում է հենց նախորդ համակարգի ստվեր հանդիսացող կուսակցությունների, ոչ թե Փաշինյանի հետ:

Ահա թե ինչու է ռազմավարական հեռանկարում կարեւոր նաեւ, որ Հայաստանում քաղաքական դաշտը համալրվի նոր բովանդակությամբ:

Ըստ այդմ, եթե որեւէ մեկին խորհրդարանում ՀՀԿ հայտնվելը մտահոգում է թավշյա հեղափոխությանը սպառնացող որեւէ վտանգի առումով, ապա այդտեղ մտահոգությունը բացարձակապես իռացիոնալ է, անպատեհ: Ավելին, այդ մտահոգությունը նույնիսկ կարող է վնասարար լինել հենց հեղափոխության համար, քանի որ այդ առումով խնդիրներն ու մարտահրավերներն այլեւս պետք է չափվեն ապագայով, ոչ թե անցյալով: Հեղափոխության քաշային կատեգորիան այլեւս այդպիսին է եւ համեմատելի չէ այն ամենի հետ, ինչ մնացել է անցյալում:

Խորհրդարանում ՀՀԿ-ն խնդիր կարող է լինել լոկ այն ուժերի համար, որոնք կհայտնվեն այնտեղ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժից բացի:

ՀՀԿ-ն այնտեղ դիրքավորվելու է իբրեւ ընդդիմություն: Բնական է, որ մյուս ուժերն էլ պետք է այդպես դիրքավորվեն: Այդպիսով առաջանալու է թեկուզ ակամա, բայց ասոցիացիա: Երբ ՀՀԿ-ն քննադատի նոր իշխանությանը, նոր կառավարությանը, հասարակությունը բնականաբար գերակշռող մասով քննադատելու է ՀՀԿ-ին: Մյուս ուժերի համար առաջանալու է խնդիր՝ լինել այլ ընդդիմություն: Իսկ քանի կա ՀՀԿ-ն, որն իրեն ընդդիմություն է հայտարարելու, խորհրդարանում այլ ընդդիմություն լինելը իսկապես բարդ խնդիր է՝ ով էլ լինի այնտեղ:

Понравилась статья? Поделиться с друзьями: