Էս վերջերս ՀՀԿ-ն ոգեւորվել էր, ասում էր՝ կառավարությունը որոշել է արտագնա աշխատանքի մեկնածներին հարկել, մի փոթորիկ էր բարձրացել, մտա ֆեյսբուք, քամին քշում էր ինձ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Նոր Հաճնի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Հետո էլ ասում են՝ կառավարությունը մտցրել էր հարկը, որոշում էր կայացրել, մենք խոսեցինք, իրենց մտադրությունից հետ կանգնեցին: Ես այդ մասին իմացել եմ ինտերնետից: Դա կատարյալ անհեթեթություն էր, որն իրականության հետ ոչ մի կապ չուներ: Բայց սա անհեթեթություն էր նաեւ մեթոդաբանության մեջ: Մենք եթե մեր տնտեսական կյանքում որեւէ շրջադարձային փոփոխություն ենք ուզում անել, մենք դա նախ պետք է քննարկենք ժողովրդի հետ:
Մեզ հաճախ մեղադրում են բարեփոխումների դանդաղկոտության մեջ, որ դանդաղ ենք որոշումներ կայացնում: Մենք կարող էինք հարկային օրենսգրքի փոփոխությունն անել աշնանը, բայց մենք ուզում ենք դա ներկայացնել հանրությանը, քննարկել, նոր կընդունենք»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա նշեց, որ նախկինում շատ են եղել դեպքեր, երբ կառավարությունները բարեփոխումներ են իրականացրել, ասել են՝ լավ բան ենք անում, պետք է արագ անել, մեկ է՝ ժողովուրդը չի հասկանա. «Սա անհեթեթություն է. եթե մենք գիտենք, որ լավ բան ենք անում, ժողովրդին էլ կարող ենք համոզել: Թող 1-2 ամիս ուշ լինի, բայց դա լինի ժողովրդի հավանությամբ: Իսկ եթե կլինեն կասկածներ, մենք հանրաքվե կանենք»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որի համաձայն, 2020 թվականից եկամտային հարկի (23 տոկոս) պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Այսինքն սրանով պետք է հարկվեն նաեւ դրսից եկող մասնավոր տրանսֆերտ ստացողները, հասարակ գյուղացիները, բոլոր ինքնազբաղված անձինք:
Այդ նպատակին է ուղղված նաեւ ID-քարտերը կուտակիչ դարձնելու մեխանիզմը, որը թույլ կտա պարզել, թե որքան են կազմում մարդու եկամուտները, որից էլ հարկ կգանձվի: Ըստ էության, մարդիկ պետք է ինքնուրույն հարկային հայտարարագիր ներկայացնեն եւ վճարեն եկամտային հարկ:
Այս առնչությամբ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ռադիոլուր»-ին ասել է. «Այո, այդ գումարը, որը մարդը արտագնա աշխատանքի ժամանակ վաստակել է, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը եւ ապա հարկենք մեր օրենքով»: