Մարտի 1-ի գործով թիվ 1 մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի, և այդ գործը պետք է դառնա նրա քաղաքական գործունեության «տապանաքարը»:
Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքների հիմնավորումները՝ նրան չկալանավորելու հիմքերի, ապացույցների թույլատրելիության, անթույլատրելիության առումով, մեղմ ասած՝ անհեթեթ են. եթե դրանք մեկ նախադասությամբ ձևակերպենք, կստացվի՝ Ռ. Քոչարյանը մի քիչ ա նախագահ եղել, օրը՝ մի 20 րոպե, ժամանակ էլ չի ունեցել ամեն «պատահական» հրաման կարդալու, բայց՝ անձեռնմխելիություն է ձեռք բերել ամբողջ կյանքի համար:
Դատելով «նախագահական» փաստաբանների ելույթների պատառիկներից՝ իրենք վերաքննիչ քրեական դատարանում վիճարկում են 3 հիմնական խաղաքարտ. 1. միջնորդություն՝ գործը կասեցնելու և Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության դրույթի «անորոշությունը» ՍԴ-ում պարզաբանելու համար, 2. միջնորդություն՝ գործում առկա 0038 հրամանը՝ որպես ապացույց, «փչացնելու», ապացույցների շարքից հանելու վերաբերյալ, 3. Միջնորդություն՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի՝ գաղտնալսված (հանցավոր ճանապարհով) ձայնագրությունը՝ որպես «քաղաքական հետապնդման» «ապացույց», գործի մեջ խցկելու վերաբերյալ:
Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ անձեռնմխելիությունը բացարձակ չէ, Քոչարյանն իրեն մեղսագրվող արարքը կատարելիս դուրս է եկել Սահմանադրությամբ տրված լիազորությունների շրջանակներից, և ազատության մեջ մնալով՝ նա կարող է թաքնվել քննությունից, իր դիրքն ու հեղինակությունն օգտագործել նախաքննությանը խոչընդոտելու, վկաներին ճնշելու համար:
Մեղադրող կողմը ճիշտ է, բայց նախ անդրադառնանք պաշտպանական կողմի ինքնահերքումներին:
Խափանման միջոցի հարցը քննարկելիս Քոչարյանը դատարաններում նկարագրել է այն պայմանները, մտավախությունները, որոնց պատճառով ինքն արտակարգ դրություն է մտցրել: Նա հիշատակել է 90-ականներին Ադրբեջանում կատարված իշխանափոխության փորձը, երբ ադրբեջանցի զինվորական Ս. Հուսեյնովը այն ժամանակվա ռեժիմը տապալելու համար զորքի մի մասը Գյանջայից ուղղել է Բաքու, և այդ ընթացքում Ադրբեջանը կորցրել է 3 տարածք:
Փաստորեն, Քոչարյանը ևս Սահմանադրությունը դրել է մի կողմ ու Հուսեյնովի օրինակով զորամիավորումներն ուղղել մայրաքաղաք, բայց ասում է՝ զորաշարժի գաղտնի հրամանից տեղյակ չէ:
Հիշեցնենք, որ խոսքը Քոչարյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ծնված 23.02.2008թ.-ի 0038 գաղտնի հրամանի մասին է: Պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանի հրամանի համաձայն՝ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18։00-ից պետք է տեղափոխվեր զորանոցային վիճակի մինչև հատուկ կարգադրության ստացումը։ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում պետք է ստեղծվեին սպայական խմբեր` զինված տաբելային զենքով: Երևան քաղաքի կայազորի պետ Յու. Խաչատուրովի գլխավորությամբ պետք է ստեղծվեր կայազորի պետի վարչակազմ:
ՀՀ ՊՆ և Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերը, բանակային կորպուսների և առանձին զորամասերի հրամանատարները պետք է ստեղծեին բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ, հավաքական ստորաբաժանումներ հետևյալ հաշվարկով՝ բանակային կորպուսներից 100-ական հոգի: Ստեղծված ստորաբաժանումները պետք է կազմակերպվեին ըստ դասակների՝ յուրաքանչյուրը 30 հոգի, և զինվեին հրաձգային զենքերով:
Պաշտպանական թիմը սկզբում ասում էր, թե Քոչարյանը այդ գաղտնի հրամանից տեղյակ չի եղել, այս քրեական գործից է իմացել: Սակայն դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում պաշտպաններից Հայկ Ալումյանը խոստովանեց, որ իրենց պաշտպանյալը տեղյակ է եղել, սակայն գործում դրված հրամանի օրինակը իրենք վիճարկելի ապացույց են համարում. «Մենք չենք ասում՝ այդպիսի հրաման չի եղել, բայց ասում ենք, որ այն, ինչ գործի մեջ դրված է, չի համապատասխանում… Դա ՊՆ-ից չի վերցված, հենց այն հրամանից չի վերցված, որն իրականում գոյություն է ունեցել: Թե հիմա իրական հրամանը ինչով է տարբերվելու այն հրամանից, որը կա գործի մեջ, այ դա է մեզ հետաքրքրում»: Լրագրողի այն դիտարկմանը, թե Քոչարյանը հիշո՞ւմ է հրամանի բնագիրը, Հ. Ալումյանը պատասխանեց. «Պարոն Քոչարյանն այդ հրամանի հետ կապված որոշ բաներ ասել է, որը ես հիմա չէի ուզի հրապարակել»:
Վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ գաղտնի հրամանի բնօրինակը՝ քոչարյանական տարբերակը, այլևս գոյություն չունի, և հիմա Քոչարյանն ու պաշտպանները զարմացել են, թե ինչպես է այն հայտնվել գործում՝ դեպքերից 10 տարի անց:
Ալումյանից հետո լրագրողներին «զարմացրեց» «գերագույն գլխավոր մեղադրյալի» մյուս պաշտպանը՝ Արամ Օրբելյանը: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, նա նշեց հետևյալը. «Ինքը (Քոչարյանը-հեղ.) գաղտնի հրամանին ծանոթ չէ, գաղտնի հրամանի զուտ տեքստի մասին տեղյակ չէ:
Նախարարները, որպես կանոն, իրենց հրամանները չեն ուղարկում նախագահին ընթերցելու համար, որովհետև եթե բոլոր նախարարներն ուղարկեն իրենց բոլոր հրամանները, նույնիսկ եթե միայն ուժային նախարարներն ուղարկեն, նախագահն ուրիշ որևէ գործառույթ չի կարող իրականացնել»:
Հարցին, թե՝ Քոչարյանը մեղքը բարդում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վրա՞, փաստաբանը պատասխանեց՝ ոչ, «… պարզապես նախարարների բոլոր հրամանները ամբողջովին չի կարող տեսնել նախագահը»:
Օրբելյանի խոսքից կարելի է ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանը օրվա մեջ մի 20 րոպե է կատարել նախագահի պարտականությունները և հասցրել է աչքի անցկացնել ու հիշել միայն իրեն ուղարկված հրամանների արտաքին տեսքն ու վերնագրերը:
Այդ դեպքում, եթե Քոչարյանը տեքստին ծանոթ չէ, տեղյակ չէ, ինչպե՞ս կարող է պնդել, որ քրեական գործում առկա հրամանը իր տեսած հրամանը չէ: Կամ՝ որտե՞ղ է իրենց ասած «անհամապատասխանությունը»: 0038 հրամանի վերնագրո՞ւմ…
Բացի այդ, պաշտպանության նախարարն ինչպե՞ս կարող էր ինքնագլուխ այդպիսի կարևոր հրաման արձակել, երբ երկրում արտակարգ կամ ռազմական դրություն մտցնելու՝ Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունը Գերագույն գլխավոր հրամանատարինն էր՝ նախագահինը: Ընդ որում, նա էլ իրավունք չուներ դա անել ինքնագլուխ, քանի որ դրա համար կան համապատասխան ընթացակարգեր, և այդ իրավական ռեժիմները սահմանվում են օրենքով.
Ըստ Սահմանադրության՝ «- Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին…
Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ…
-սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին։
Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով»:
Եվ այժմ նախաքննական մարմինը պետք է ապացուցի՝ այս մասով, «ուչաստկովիի» մակարդակի գործի «հերոսը» պահպանե՞լ է այդ ընթացակարգը: Ինչպե՞ս է եղել, որ երկրի սահմանների վրա զինված հարձակում չի եղել, ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չի եղել, բայց զինված ուժերն օգտագործվել են արտակարգ դրության անվան տակ (գաղտնի հրամանով):
Ուստի հասկանալի է պաշտպանական կողմի մարտավարությունը. կարևորագույն ապացույցը՝ հրամանը, ճանաչել անթույլատրելի՝ պատճառաբանելով, թե դա «ՊՆ-ից վերցված չի…»: Հետաքրքիր է՝ իսկապես կա՞ այդ հրամանի բնօրինակը, որը պետական դավաճանության առերևույթ հանցանշաններ է պարունակում, թե՞ ոչնչացրել են՝ աչքի տակ ունենալով երկարատև բանտարկության վախը:
Փոխարենը փորձ է արվում որպես ապացույց գործի մեջ խցկել ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի խոսակցության գաղտնալսման ձայնագրությունը, որը կրկին պետության դեմ և կրկին հանցավոր ճանապարհով ստեղծված փաստական տվյալ է և չի կարող համարվել թույլատրելի ապացույց:
Հատկապես, երբ այդ գաղտնալսումներն արդեն դառնում են «սերիալային», և ամեն անգամ մի բառ կամ նախադասություն է հրապարակայնացվում, դատարանը չի կարող անվերջ քննել պաշտպանական կողմի բողոքները՝ որպես նոր ի հայտ եկած հանգամանք:
Ինչ վերաբերում է գործը վերաքննիչ դատարանում կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությանը, ապա դա կարող է ինքնին արգելք դառնալ գործի քննության, բացահայտման համար. եթե հանկարծ Ազարյանի նման որոշեն, որ նախագահը բացարձակ անձեռնմխելի է, ինչ ուզենա՝ կանի, ուրեմն այս քրեական գործը պետք է փակել ու գնալ տուն: Եվ մենք այդպես էլ չենք իմանա՝ ովքեր, ում հրամանով և ինչպես սպանեցին 10 անմեղ մարդկանց:
Ուստի մեղադրող կողմի առարկությունները հիմնավոր են: Մեղադրյալը, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել նախաքննությանը, ազդել վկաների վրա՝ թույլ չտալով մարտի 1-ի հանգամանքների ամբողջական շղթայի բացահայտումը:
Դա միանգամայն հնարավոր է, քանի որ Ռ. Քոչարյանի պաշտոնավարման տարիներին բազմաթիվ աղմկահարույց սպանություններ են եղել (այդ թվում՝ նրան հավատարմորեն ծառայած, արժեքավոր տեղեկությունների տիրապետող պաշտոնյաների), որոնք այդպես էլ չեն բացահայտվել կամ չբացահայտված մաս են ունեցել, ինչպես հոկտեմբերի 27-ը:
Հետևաբար Ռ. Քոչարյանը պետք է կալանավորվի, և մարտի 1-ի գործը պետք է դառնա նրա «տապանաքարը», ինչպես ինքն է դարձել պետության ու պետական համակարգի մի ողջ սերնդի առաջընթացը արգելող, «թաղող» «տապանաքարը»: Նա պետք է նստի, որ մարդիկ ապրեն, պետությունը զարգանա, քրեական գործերն էլ բացահայտվեն, քանի դեռ Քոչարյանի թղթապանակներին տիրապետող Աղվան Հովսեփյանը «ինքնասպան» չի եղել կամ չի ենթարկվել հարձակման, ինչպես վճռաբեկի նախկին նախագահը: