«Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը իր մնացած ունեցվածքը փրկելու համար իր 20 մլն դոլար արժողությամբ հյուրանոցը նվիրել է պետությանը».մանրամասներ

Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը: Այս մասին այսօր Տավուշի մարզում իրականացրած քարոզչության ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասաց, որ Ավետիսյանների ընտանիքը  օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ հյուրանոցը նվիրում են պետությանը:

«Բայց ըստ ամենայնի, նրանք նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար այսպիսի քայլի են դիմել»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն ասաց, որ եթե հավանության արժանանա այդ առաջարկը, հյուրանոցը հրապարակային պետք է աճուրդի հանել:

«Գնահատում են, որ դա 10-15, ընդհուպ ասում են՝ մինչև 20 մլն դոլար կարող է արժենալ: Եվ այդ գումարները պետք է մուտքագրենք պետական բյուջե»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը՝ հանրությանն այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարերկրյա ներդրում են: Արմեն Ավետիսյանն անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով՝ առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը:

Հատկանշական է, որ օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, ով որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն:

Այնուհետև, ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը՝ նույն կազմակերպության անունից 2010-2012թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը:

Հետագայում՝ 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երևանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ՝ «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը:

Понравилась статья? Поделиться с друзьями: