Միայն կզարմանաք թէ ինչ է պատրաստվում անել Սերժ Սարգսյանի եղբայրը: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Վարչապետ Փաշինյանը նոյեմբերի 28-ին հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի եղբայրը պատրաստակամություն է հայտնել իր բանկային հաշվի 30 միլիոն դոլարը նվիրել պետությանը: Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանն էլ պատրաստակամ է նվիրել Ծաղկաձորի իր հյուրանոցը, մոտ 20 միլիոն դոլար արժողության:

Փաշինյանը նշել է, որ կա հանրության որոշման կարիք, թե տնտեսական բնույթի հանցագործության համար ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերում հանրությունը, եթե տվյալ մարդը վերադարձնում է տարած փողը:

Վարչապետը գործնականում առաջարկել է «կարմիր գիծ» դիտարկել արյունը, եւ եթե կա հանցագործություն, որը խլել է մարդկային կյանք, ապա դա չի ներվում, իսկ տնտեսական, ֆինանսական կորուստ ենթադրող հանցանքը ներելի է, որովհետեւ կորուստը հնարավոր է վերադարձնել:

Միաժամանակ, Փաշինյանը խոսել է նաեւ այդ հարցում կարեւոր խնդրի մասին՝ կորստի չափի գնահատում, ասելով, թե ներման կարող է հավակնել միայն տարած փողի առնվազն 98 տոկոսի վերադարձը: Սա հասկանալի մոտեցում է՝ եթե մարդը յուրացրել է, օրինակ, 400 միլիոն դոլար, ապա ծիծաղելի է 30 միլիոնը վերադարձնելու պատրաստակամությունը: Բայց պետք է լինի հստակ գնահատում՝ յուրացվե՞լ է ավելին, թե ոչ:

Իրավիճակը իրապես բարդ է ու բազմաշերտ: Թավշյա հեղափոխությունից հետո Փաշինյանի հասցեին հաճախ է հնչել ընդդիմախոսություն, թե պետք է գիծ քաշել եւ հաշտվել անցյալի հետ: Անշուշտ, այդ հաշտարար տրամադրվածությունը խիստ ցանկալի է, բայց այն մի կերպ է հնչում օրինակ Լեոպոլդ կատվի շուրթերից՝ փոքրիկների համար մուլտֆիլմում, մեկ այլ կերպ, երբ խոսքը վերաբերում է պատերազմի մեջ գտնվող պետության, որի հանրային ու պետական ռեսուրսներն ու հեռանկարները գործնականում երկու տասնամյակ մսխվել է տոտալ կոռուպցիայի հետեւանքով եւ այդպիսով առաջացրել բավականին կոշտ մի դիլեմա՝ կամ չի կարող լինել կոռուպցիայի դեմ պայքար, կամ եթե այդ պայքարը լինելու է, ապա գիծը կարող է քաշվել միայն յուրացրածը վերադարձնելուց հետո: Այսինքն, գիծը կարող է քաշվել ոչ թե անցյալի ու ներկայի, այլ ազատազրկման եւ ազատության միջեւ:

Վերջին հաշվով, շանսը տրվում է հենց այդտեղ՝ ոչ թե միանվագ բռնագանձում ժողովրդական տրիբունալի միջոցով, ինչի կոչն ի դեպ անում են շատերը, այլ տարածի վերադարձ հանրային համերաշխության մեխանիզմով:

Բայց, եթե չկա վերադարձ, ապա կարող է առաջանալ վտանգավոր վակուում, եթե հեղափոխությունը չունի այսպես ասած «քեշ դոնոր»: Հակառակ դեպքում պետք է պահպանել կոռուպցիան, դրանից բխող հետեւանքով:

Բայց պահպանել կոռուպցիան, նշանակում է չպահպանել պետությունը:

«Քեշ դոնոր» հայկական հեղափոխությունը չունի, հետեւաբար այլընտրանք չունի այն, որ նախկին համակարգը պետք է վճարի այն վնասի համար, որ պատճառել է պետությանը մոտ քառորդ դար:

Դա ամենեւին արմատականություն չէ: Արմատականությունը կլիներ ժողովրդական տրիբունալը: Խոսքը ընդամենը ռացիոնալության մասին է եւ հատկանշական է, որ Փաշինյանը նաեւ շատ հստակ սահմանում է ուղղությունը, ուր պետք է գնա վերադարձվող փողը՝ զինված ուժեր, այսինքն արտաքին անվտանգության ապահովում, ներքին վերափոխումների համար կայուն միջավայրի պահպանման նպատակով:

Այստեղ է նաեւ ամենահետաքրքիր շերտերից մեկը: Բոլոր նրանց, ովքեր այս տարիներին հարստացել են հանրության ու պետության ունեզրկման հաշվին, զբաղեցնելով ամենաբարձր պաշտոնից մինչեւ պատգամավորական աթոռներ, Նիկոլ Փաշինյանն առաջարկում է շահեկան ելք: Դրանից շահեկան միայն ոչինչ չվերադարձնելն է, կամ իշխանությունը հետ վերադարձնելը:

Իհարկե չի բացառվում, որ նրանց մի մասը փայփայում է այդպիսի հույս: Բայց եթե դա տեղի չունենա, ապա Հայաստանում հետո ինչ էլ տեղի ունենա եւ ումով էլ տեղի ունենա, միեւնույն է դրանում անխուսափելիորեն սրվելու է արդեն կուլակաթափության ուրվականը, երբ միայն այդ ժամանակ հստակ կլինի, թե ինչպիսի նպաստավոր գիծ էր իրենց առաջարկվում քաշել, որը մերժեցին իշխանության վերադարձի հույսով:

Այն դեպքում, երբ գործնականում իռացիոնալ է հենց այդ հույսը, ոչ թե այն հեղափոխական ոգեւորությունը, որը իռացիոնալ էյֆորիա են բնորոշում հենց այդ շրջանակները:

Понравилась статья? Поделиться с друзьями: