Միայն տեսեք ԱԱԾ-ն ինչ խոշոր բացահայտում է արել Ատոմակայանում….մանրամասներ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել եւ կանխել է առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր:

Ինչպես հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից, մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության համապատասխան պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, իրենց կողմից տնօրինվող ընկերությունների միջեւ վերավաճառքի ձեւական գործարքներ ձեւակերպելով եւ ապրանքների իրական գներն այդկերպ ուռճացնելով, ատոմակայանի առաջին դասի անվտանգության սարքավորում համարվող ընդամենը շուրջ 7 մլն ՀՀ դրամ արժեքով պահեստամասերը ՀԱԷԿ-ին 2017-2018 թվականների ընթացքում վաճառել են 33 մլն ՀՀ դրամ գումարով, այդպիսով վատնելով շուրջ 25 մլն ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, ստուգվում է ՀԱԷԿ-ին կատարված մյուս մատակարարումների օրինականությունը:

ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված մեկ այլ քրեական գործով պարզվել է, որ «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը, կազմակերպությանը հատկացված միջոցներից 2012-2017 թվականների ընթացքում շուրջ 121 մլն ՀՀ դրամ է փոխանցել իր իսկ ղեկավարած հասարակական կազմակերպությանը, որից հետո գումարը յուրացվել է: Բացի այդ, փառատոնի անցկացման նպատակով միջազգային հիմնադրամի կողմից իր ղեկավարած նույն հասարակական կազմակերպությանը 2015 թվականին հատկացված գումարներից յուրացրել է եւս 3.000.000 ՌԴ ռուբլի՝ կեղծ հաշիվ-ապրանքագրերի հիման վրա ձեւակերպելով, թե իբր այն ծախսվել է փառատոնի մասնակիցներին հյուրանոցներում կեցությամբ ապահովելու համար:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել են նաեւ ՀՀ մի շարք մարզերի տարբեր համայնքապետարանների եւ կից հիմնարկների աշխատակիցների կողմից, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, առանձնապես խոշոր չափերով՝ տասնյակ միլիոնավոր դրամների հասնող գումարների յուրացման դեպքեր: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ անձինք համայնքային բյուջեից աշխատավարձեր են վճարել իրականում տեւական ժամանակ աշխատանքի չհաճախած անձանց, գումարներ են դուրս գրել չմատուցված ծառայությունների, փաստացի ձեռք չբերված ապրանքների ու դիզվառելիքի դիմաց, ինչպես նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օժանդակություն ցուցաբերելու պատրվակով, բացի այդ իրենց մտերիմներին, սահմանված կարգի խախտմամբ, տրամադրել են շինթույլտվություններ, շուկայականից էականորեն ցածր գներով օտարել կամ վարձակալության են տվել համայնքային պատկանելության շենք-շինություններ եւ հողատարածքներ:

Նշված դեպքերի առթիվ հարուցված թվով 10 քրեական գործերն ուղարկվել են ըստ քննչական ենթակայության՝ նախաքննությունը շարունակելու նպատակով:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւս մեկ անգամ նախազգուշացնում է, որ բյուջեի միջոցների պատշաճ տնօրինման գործընթացը մշտապես պահվելու է օպերատիվ հսկողության ներքո, եւ ձեռնարկվելու են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ չարաշահումների եւ յուրացումների հնարավոր դեպքերը կանխելու եւ բացահայտելու ուղղությամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями: