Նախընտրական դիվերսիայի հետևանքները՝ Վիգեն Սարգսյանը չէր աշխատում, Գլխավոր շտաբի պետը չէր աշխատում….

Հայկական մեդիա-փորձագիտական շրջանակում աշխուժացել է Նախիջեւանում ադրբեջանական զինուժի դիրքային առաջխաղացման թեման, որի առիթը եղել է Զանգակատուն գյուղի գյուղապետի խոսքը: Այդ խոսքն այն մասին է, որ ադրբեջանցիները իրենց տարածքում առաջ մղելով դիրքերը, կրակային տեսադաշտում են պահում գյուղի ցանքատարածությունները եւ գյուղացիները զգուշանում են արտերում գյուղաշխատանք անել:

Զանգակատան գյուղապետը խոսում է դեռեւս ապրիլ-մայիսին առաջ տված դիրքերի մասին, որի առնչությամբ հայկական կողմը տվել է պաշտոնական մի շարք պարզաբանումներ: Ըստ դրանց, ադրբեջանցիները առաջ էին եղել իրենց վերահսկողության տարածքում, ոչ թե զբաղեցրել նոր տարածություն: Հայաստանի պաշտպանության նախարարությունը մի շարք պարզաբանումներ էր տվել նաեւ, որ հայկական կողմը արել է պատասխան գործողություն եւ մի շարք հատվածներում էլ, ընդ որում ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, զբաղեցրել գերակա դիրքեր:

Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանցիների դիրքային «նվաճումների» թեման հայկական մամուլում աշխուժորեն գեներացվեց թավշյա հեղափոխության օրերին, ինչի նպատակներից մեկն անկասկած հանրության մոտ խուճապ եւ զգուշավորություն առաջացնելն էր: Այդ համատեքստում նաեւ կանոնավոր պարբերականությամբ հաղորդվում էր արցախյան ուղղությամբ լարվածության մասին, նաեւ ներկայացվում էին ինչ որ կուտակումների մասին տեսանյութեր:

Այլ աղբյուրները սակայն հայտնում էին, որ իրականում այդ լարվածությունը առկա էր շատ ավելի տեւական ժամանակ եւ նոր կուտակումներ ու լարվածություն, որպես այդպիսին, չկան: Պարզապես, փաստորեն, նոր էր սկսվում տեղեկատվական աղմուկն այդ կապակցությամբ, թավշյա հեղափոխությանը հակազդելու համար: Զուգահեռ բացվեց Նախիջեւանի թեման: Ընդ որում, այստեղ առկա էր հարց՝ ինչո՞վ էին զբաղված պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու Գլխավոր շտաբը: Չէ՞ որ նրանց պարտականությունը Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր, անկախ նրանից, թե ինչպիսի ներքաղաքական զարգացումներ կլինեն Հայաստանում:

Ի դեպ, թավշյա հեղափոխությունից հետո Վիգեն Սարգսյանն ինքն էր հայտարարել, որ անթույլատրելի է պաշտպանության նախարարի հրաժարականը, քանի դեռ նշանակված չէ նոր նախարարը: Մյուս կողմից սակայն, հարց է առաջանում՝ դե յուրե լինելով պաշտոնին, արդյոք դե ֆակտո Վիգեն Սարգսյանը չէր աշխատում, Գլխավոր շտաբի պետը չէր աշխատում՝ եթե Նախիջեւանում ադրբեջանցիներն իրենց տարածքում առաջանում էին: Թե՞ դա պետք էր Հայաստանում թավշյա հեղափոխության դեմ տեղեկատվական հակազդման համար:

Անկասկած է, որ Նախիջեւանի ուղղությամբ զարգացումները պետք է լինեն Հայաստանի ռազմա-քաղաքական նոր ղեկավարության աչալրջության ներքո: Ավելին, այստեղ թերեւս անհրաժեշտ է ռազմավարական հեռանկարային լուծումների եւ հակազդման ռազմական եւ քաղաքական-դիվանագիտական մեխանիզմների ձեւավորում:

Միեւնույն ժամանակ, թավշյա հեղափոխության հաղթանակից կարճ ժամանակ անց պաշտպանության նախարարությունը տեղեկություն հրապարակեց, թե ինչպես հայկական կողմը կրակային հարվածով ոչնչացրել էր նոր դիրքը, որ ադրբեջանցիները զբաղեցրել էին եւ փորձել ամրացնել:

Դրանից հետո նախիջեւանյան թեման լռեց:

Այժմ նշմարելի է թեմայի աշխուժացում, դրան ուղղված տեղեկատվական արշավ, որը մեդիայում եւ սոցցանցերում կարող է ավելի ուժգնանալ արտահերթ ընտրությանն ընդառաջ: Ընդ որում, «բորբոքվում» է այն, ինչ տեղի է ունեցել ապրիլ-մայիսին: Բորբոքվում է նոր տոնայնությամբ, դրա հիման վրա գեներացնելով պատերազմի վերահասության եւ որոշակի անպատրաստության տրամադրություն, նրբորեն թիրախավորելով թե ՀԱՊԿ շուրջ ստեղծված իրավիճակը, թե Դուշանբեի Փաշինյան-Ալիեւ զրույցն ու պայմանավորվածությունները: Միաժամանակ շոշափվում է նաեւ խորհրդարանի ընտրությունից հետո արցախյան բանակցային գործընթացում ինչ որ աշխուժացման հարցը, այդ ֆոնին էլ հերթական անգամ ազդարարվում պատերազմի վերահասությունը:

Ամենեւին զարմանալի չէ, որ դա արվում է թավշյա հեղափոխության եզրափակիչ փուլում: Հատկանշական է, որ տեղեկատվա-քարոզչական դիվերսիայով փորձ էր արվում կասեցնել թավշյա  հեղափոխության սկիզբը, այժմ էլ նախընտրական դիվերսիայով փորձ է արվում ազդել թավշյա հեղափոխության եզրափակիչ փուլի ընթացքի վրա:

Պատերազմի վտանգը ոչ միայն վերացած չէ, այլ կպահպանվի դեռ երկար ժամանակ: Բայց արդյոք դա հիմք է հանրությանը դրանով պարբերաբար շանտաժելու համար: Այդ հարցի պատասխանը հասկանալու համար պետք է ընդամենը հասկանալ՝ իսկ ի՞նչ հարց է լուծում դա, անհարկի խուճապից բացի: Չի լուծում ոչ մի այլ հարց: Ըստ այդմ դա ամենեւին չի օգնում Հայաստանն ուժեղ պահելուն, ինչը պատերազմի վտանգը զսպված պահելու առանցքային գրավականն է: Խուճապը հակառակը՝ նպաստում է ապակառուցողական մթնոլորտի եւ ջուրը պղտորելու, դրանից բխող հետեւանքով ու ռիսկերով:

Понравилась статья? Поделиться с друзьями: