Շարմազանովը ուրախությունից ասաց՝ «Լցվեք ավտոները՝ գնանք խաշի սեզոնը բացենք»Ինչ է՜ կատարվել.

 

 

ՀՀԿ գրասենյակ:

Շարմազանովն անհանգիստ ետուառաջ է անում, նայում է պատուհանից.

– Այ մարդ, խոստացել էին ավտոն ուղիղ ժամը 8-ին էստեղ կլինի, չկա, կարող է՞ պրավալ տա՞նք…

– Էդիկ, հանգիստ, դեռ ժամանակ ունենք, դեռ իսկի բոլորը չեն եկել, արի շորներս մանրից փոխենք, էդ գազի կլյուչ-մլյուչը դասավորենք, մինչեւ բոլորը կհավաքվեն, ավտոն էլ դե կգա էլի,- ծխախոտ կպցնելով հանգիստ ասում է Դավիթ Շահնազարյանը:

– Հա, բայց դեռ պիտի բալոնները լցնենք, դասավորենք… Պարոն Շահնազարյան, դու փորձառու էս, սիրտդ ի՞նչ է գուշակում, էս սաղ գործընթացն, էլի, ճի՞շտ ենք անում որ, վտանգավոր չի՞,- հեկեկոցը խեղդելով ասում է Շարմազանովը:

Շահնազարյանը վեր է կենում, անձեռոցիկով սրբում Շարմազանովի արցունքները, շոյում գլուխն ու ասում.

– Էդիկ ջան, չվախենաս, հետներդ եմ, բա սե՞նց վտանգավոր բաների միջով եմ անցել…

– Դե ես էլ վախկոտ չեմ, կարդացել էք չէ՞, որ ասել էի, թեկուզ ծեծեն, ղազագիր չեմ ստորագրի… Բայց որ հիմի իրոք ծեծե՞ն:

– Էդիկ ջան, արխային, Նիկոլը ներքին կարգով սաղ Հայաստանին շրջաբերական է իջեցրել, ասել է՝ հանրապետաանները շուն-գել՝ վերջիվերջո հայ են, որ գան քարոզարշավի՝ ծեծ- բան չլինի, ինչքան էլ որ դաստիարակչական նպատակ հետապնդեք: Արի, արի փոխվենք, տես սա հագովդ է՞…

Դուռը բացվում է, ներս է մտնում Վիգեն Սարգսյանը: Անակնկալի եկած նայում  բանվորական արտահագուստով սենյակի մեջտեղում կանգնած Շարմազանովին ու Շահնազարյանին:

– Սա ին՞չ բան է, էս ի՞նչ է կատարվում էստեղ, սա ո՞ւմ ինքնագործունեությունն է… Դուք հո գավառական ծաղրածու չե՞ք:

Հեց այդ պահին պատուհանի տակ լսվում է բեռնատարի ազդանշան: Շարմազանովը նետվում է դեպի պատուհան ու գոռում՝ եկա՜վ, ավտոն եկա՜վ…

Շահնազարյանը դիմում է Վիգեն Սարգսյանին.

– Վիգեն, հանգիստ, իդեան իմն է: Ուրեմն էսպես, ես երկար մտածեցի, մեր միակ շանսը քարոզարշավը ծպտված՝ որեւէ գյուղից սկսելն է: Գնում ենք որպես գազի բալոն առաքողներ ու գազի ներտնային ցանցը  վերանորոգող, անվտանգությունը ստուգողներ: Էդպես աննկատ զրույցի ենք բռնվում մարդկանց հետ եւ իբր հարեւանցի էլի, տարածում մեր քարոզն են մասին, որ ՀՀԿ-ի ժամանակ էս ու էն լավ էր: Քանի որ ցուրտ եղանակ է, իսկ գազը տաքացնող, կանգ առա էդ տարբերակի վրա, որ մտերմիկ ու անկաշկանդ քարոզենք, ասենք Նիկոլի ասածը, թե գազի գինը իջնելու տեղ ունի, բլեֆ է…

– Պարոն Շահնազարյան, կարող է գազի Կարեն Կարապետյանն է Ձեզ մեր ցուցակում ներդրել, որ Մոսկվայից էստեղ վրաս ծիծաղի՞… Ես պատրաստվում եմ անզիջում, քարը քարին չթողնելով՝ քննադատեմ Նիկոլի արտաքին քաղաքականությունը, խոսեմ միջազգային քաղաքականությունից, ասեմ, որ ինքս միջազգային հարաբերությունների մագիստրոս եմ, դուք ո՞նց եք պատկերացնում, ես ինչպե՞ս պիտի էս բանվորական քրջոտ շորերով, կլյուչը ձեռքիս դա անեմ, ասում է Վիգեն Սարգսյանը:

Շարմազանովը զգուշավոր տոնով.

– Պարոն Շահնազարյան, էդ մոմենտով ոնց որ թե ճիշտ է ասում Վիգենը:

Ներս են  մտնում Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը

– Էս ի՞նչ հաշիվ ա…

Վիգենը.

– Ուզում են մեր քարոզարշավը կրկեսի վերածեն:

Շահնազարյանը արդեն զայրացած սկսում է արտահագուստը հանել.

– Ճիշտ հակառակը՝ ուզում եմ էս կրկեսը քարոզարշավի վերածենք: Բայց տեսնում եմ՝ անհույս գործ է: Ես գնացի, ինչ ուզում եք արեք: էստեղ են ասել՝ բոշին էշը չի վրա գալիս, ՀՀԿ-ին էլ՝ խելացի մարդիկ…

Վիգենը վեր է թռչում տեղից ու բղավում.

– Բոշան դո’ւ էս…

Վահրամ Բաղդասարյանը նետվում է դեպի Վիգենի կողմը շարժվող Շահնազարյանը.

– Դավիթ ջան, ախպոր պես, մի ջղայնացի, ջահել է, ներվերը չի դիմանում, դե իրան էլ կարելի ա հասկանալ, քսան տարի է քրտնաջան աշխատում էր, սպասում էր իր աստեղային ժամին ու ըսենց վիճակ եղավ…

Դուռը բացվում է, ներս է մտնում Արփինե Հովհաննիսյանը եւ դեպի համակարգիչը գնալով ասում.

– Բարի լույս, ժողովուրդ, էս գրասենյակի գազը փաստորեն կտրել ե՞ն, որ բալոն եք պատվիրել: Բալոնը բերել են արդեն, չեք տեսե՞լ: Մինչեւ դուրս գալներս ես մի հատ շուտ-շուտ նամակ գրեմ Եվրախորհրդին ու ահազանգեմ, որ նոր իշխանությունները մեզ էներգետիկ բլոկադայի, չէ, տեռորի են ենթարկում:

Համակարգչի մոտից բարձրացնում է գլուխը, տեսնում բանվորական հագուստը դեռ նյարդային հանել փորձող Շահնազարյանին.

– Պարոն Շահնազարյան, կնոջ ներկայությամբ էս ի՞նչ եք անում…

Ապա դառնում է կողքին նստած Աշոտյանին ու շշնջում. «Էս մանյակին ո՞վ գցեց ցուցակ, է…»

Շահնազարյանը լսում է դա, քանի որ քաղխորհրդի վերջին նիստից հետո միկրոֆոնը պատահմամբ միացած էր մնացել: Բոլորը սարսափած սպասում են նրա արձագանքին: Նա ազատվում է բանվորական հագուստից, վառում հերթական սիգարետը եւ մոտենում միկրոֆոնին.

– Հարգելի տիկին Հովհաննիսյան, հետաքրքիր է իմանալ, իսկ Ձե՞զ ով է էն գլխից ցուցակ գցել…

Այդ պահին զնգում է Շահնազարյանի հեռախոսը, նա ժպտալով միացնում է բջջայինի բարձրախոսը.

– Շահնազարյան ջան, դե լավ էլի, էդ օրիորդին ինչի՞ ես նեղը գցում… Դե լավ, բան էր ասեց էլի, տղամարդավարի ներողամիտ էղի:

Բոլորը զարմացած.

– Արգամի՞չ, էս փաստորեն գրասենյակը գաղտնալսում ես հա՞:

Հեռախոսից քրքիջ է հորդում ու ի զարմանս բոլորի՝ քրքիջը գնալով մոտենում է: Դուռը բացվում է եւ ներս է մտնում Հովիկ Աբրահամյանը բանվորական արտահագուստով, գազի բալոնն ուսին:

– Ժողովուրդ, զակազ տված գազի ավտոն կես ժամ ա սպասում ա, էս մկների ժողովին թարգ տվեք, եկեք նստեք, քշեմ՝ գնանք:

Վահրամ Բաղդասարյանը.

– Այ Հովիկ, միթոմ մեր հալը հալ է, միթոմ մենք մեր արածի պատասխանն ունենք, դու ինչ ես մեյդան գալի, քո գողացած ջրի պատասխանն ո՞վ պտի տա:

– Էդ ջրի պատմության պատասխանը ես ունեմ: Ես ընդամենն ուզում էի Ազատիչի մայր գետի ու առվակների մասին փոխաբերությունը գործնականում ստուգեմ: Հիշում եք չէ՞, նա ասեց. «Մայր գետերն առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում  նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են»: Էդ նպատակով մայր ջրատարից առվակ ջրատարներ եմ քաշել, ահագին ժամանակ լավ էր, բայց հիմի էդ առվակ ջրատարներս չորանալու վտանգի առաջ են: Հենց ըտեղ հասկացա, որ Ազատիչը ճիշտ էր՝ չչորանալու համար նույն հոսքի մեջ պիտի վերադառնալ: Հիմի եկել եմ:

Արփինեն ապահովության համար անջատում է բարձրախոսն  ու Աշոտյանի ականջին շշնջում. «Թարս է, Էս ջրագողին ով ուղարկեց, է…»

Աշոտյանը.

– Արգամիչ, բա դու մինչեւ առվակների էքսպերիմենտով էիր զբաղված՝ Ազատիչն ասեց, որ ճիշտը Նիկոլն է…

– Հա, բայց ինչքան շատ մարդ ճիշտ լինի՝ էնքան ճշտի համար լավ չի՞ որ…

Հեւալով ներս է մտնում Մարգարիտ Եսայանը եւ սեղանին դնում մի ցուցակ.

– Բարլուս ժողովուրդ ջան, էս էլ իմ հարազատ-բարեկամների ցուցակը, բոլորը մեզ են քվեարկելու: Ձերն ինչքա՞ն է: Մի բան խնդրեմ էլի, էս բանվորները որ էստեղ գործը պրծնեն՝ կլինի՞ մեր տուն ուղարկեք, ահագին բան կա անելու: Վայ, ես ինչի՞ եք էսպես տխուր, ջղայնացա՞ծ: Վա՜յ, Հովիկ Արգամի՞չ, էս Դուք ե՞ք… Էդիկ ջա՞ն… Էս ի՞նչ է կատարվում էստեղ…

Բոլորը լուռ են:

Լռությունը հոգոցով ընդհատում է Վիգեն Սարգսյանը եւ բոլորին բացատրում Շահնազարյանի պլանը:

Նորից լռություն: Այս անգամ լռությունն ընդհատում է Շարմազանովի ճիչը.

– Ժողովո’ւրդ, գազի ավտոն գնա՜ց…

Բոլորը նետվում են դեպի պատուհանը:

Վիգեն Սարգսյանը թեթեւացած.

– Լավ, քարոզարշավի առաջին օրն արդեն իսկ կորսված է, առաջարկում եմ տակտիկական նոր քննարկում սկսել մյուս օրերի համար:

Աշոտյանը շողացող դեմքով հանկարծ վեր է թռչում տեղից.

– Գտա՜,գտա՜… Ոչ մի օր, ոչ մի տեղ էլ պետք չի գնալ: Էսօր հայտարարություն ենք տարածում, որ բազում սպառնալիքներ ենք Նիկոլից կառավարվող ուժերից ստացել, այդ իսկ պատճառով չենք հայտնելու քարոզարշավի մեր երթուղիները, հանդիպումների ժամը եւ այլն՝ չվտանգելու մեր ընտրողներին եւ ի վերջո՝ նաեւ մեզ: Բայց դա չի նշանակում, թե մենք վախկոտ ենք, այլ որ մենք պետականամետ ենք, դա անում ենք՝ խուսափելու մեր հանդեպ բռնությունների պատճառով Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը չգցելու մեծ մտահոգությամբ: Էսպիսով՝ մեզ կմնա միայն օրվա ընթացքում մարդկանց, հատկապես լրագրողների աչքին չերեւալ եւ ամեն օրվա վերջում ֆեյսբուքով տվյալ օրվա քարոզարշավի ընթացքի ու արդյունքների մասին նյութեր հրապարակել, ակտիվացնել մեր ֆեյքային ողջ հնարավորությունները՝ դրանք լայքելու եւ ակտիվ քննարկում իմիտացնելու:

Բոլորը մնում են հիացմունքից ափ ի բերան: Առաջինն ուշքի է գալիս Շարմազանովն ու ուրախությունից հոսող արցունքները սրբելով՝ ասում.

– Ժողովուրդ ջան, դե լցվեք ավտոները՝ գնանք խաշի սեզոնը բացենք:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: