Ո՞վ է եղել Տոնոյանը մինչեւ հեղափոխությունը…

Օրերս վերանշանակված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախկին կառավարությունից նորը «տեղափոխված» պաշտոնյաներից է:

Նրա անունը` որպես նոր կառավարությունում աշխատելու արժանի ռեալ հավակնորդի, առաջիններից մեկը շրջանառվեց: Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Տոնոյանին ֆեյսբուքի միջոցով պաշտոնի «հրավիրատոմս» ուղարկելու առաքելությունը ամիսներ առաջ ստանձնեց Արարատ Միրզոյանը, ով դեռեւս ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորի կարգավիճակում էր: «Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը»,- գրել էր Միրզոյանն ու հավելել, թե իր սրտով ապագա նախարարը իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն, երբեք չի եղել որեւէ կոռուպցիոն սկանդալի հերոս, եւ նրա ղեկավարությամբ մեր բանակն արագ կարդիականացվի եւ մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը։ Արտակարգ պայմաններում աշխատող Տոնոյանի պատասխանը «Չեմբերլենին» բավական օպերատիվ էր՝ «…շարունակելու եմ իմ տեղում իրականացնել պարտականություններս այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ նախագահը չի ազատել ինձ իմ պարտականությունների կատարումից, եւ չեմ պատրաստվում որեւիցե առաջարկի արձագանքել»: «Թավշյաների» կողմից «մերժվածներին» ուղղված պաշտոնի առաջարկներին խանդով արձագանքեցին որոշ ՀՀԿ-ականներ՝ դրանք որակելով քաղաքական առեւտրով զբաղվելու փորձեր: Դա կոնկրետ Տոնոյանի դեպքում արդյունք տվեց. չնայած սկզբում արված «չեմուչումին»` նա շուտով ստանձեց պաշտպանության նախարարի պաշտոնը, որն զբաղեցնում է անցած տարվա մայիսի 11-ից: Ըստ այդ օրերին շրջանառվող լուրերի՝ հրավերքն ընդունելու հարցում Տոնոյանին համոզել է անձամբ Սերժ Սարգսյանը՝ պատերազմական երկրի նոր կառավարություն գործուղելով իր թիմի չվարկաբեկված, պրոֆեսիոնալ կադրերից մեկին: «Սա Սերժ Սարգսյանի նվերն էր Փաշինյանի կառավարությանը, վերջին լավությունը՝ Տոնոյանին»,-մեր զրույցում ասաց նախկին իշխանության ներկայացուցիչներից մեկը՝ ակնարկելով, որ նոր պաշտոնը իսկը Տոնոյանի հագով-սրտով է եղել: Նա, պատկերավոր ասած, վերադարձել է հարազատ տուն, մանավանդ նախկինում եղել է պաշտպանության փոխնախարար: Նշենք նաեւ, որ ապրիլյան զարգացումներից դեռ ամիսներ առաջ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ գեներալները հանդիպել են Սերժ Սարգսյանին, իրենց դժգոհությունն են հայտնել այն ժամանակ գործող Պնախարար Վիգեն Սարգսյանից եւ առաջարկել պաշտպանության նախարար նշանակել Դավիթ Տոնոյանին։ Գեներալները, սակայն, տեւական ժամանակ եւ հերթով հերքում էին այդ լուրերը՝ երդում ուտելով, որ նման առաջարկություն իրենց կողմից չի արվել: Անգամ վարկած շրջանառվեց, որ այդ լուրերի «արտահոսքի» հետեւում ինքը՝ Տոնոյանն էր, նպատակը` իր վրա ուշադրություն սեւեռելը: Ո՞վ էր Տոնոյանը մինչեւ հեղափոխությունը Արդեն նշեցինք, որ Սերժ Սարգսյանի օրոք Տոնոյանի զբաղեցրած վերջին պաշտոնը եղել է ԱԻ նախարարի «պոստը»: ԱԻՆ-ն այն ուժային կառույցն էր, որը, ինչպես ընդունված է ասել, զրոյից ձեւավորել է լուսահոգի Արմեն Երիցյանը: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք ՊՆ-ից ԱԻՆ տեղափոխված Տոնոյանի համար պաշոնավարման առաջին տարին բավական դրամատիկ էր, քանի որ ՀՀ գրեթե ողջ տարածքին պատուհասեցին անտառային հրդեհները, մասնավորապես Արտավանում, Խոսրովի արգելոցում` մեծ կորուստներ պատճառելով հայրենի բնաշխարհին: 2017-ի հրդեհառատ տարում պայթյուն եղավ ու հրդեհ բռնկվեց նաեւ «Նաիրիտ»-ում: ԱԻ նախարարը, ինչպես ասում են, նոր պաշտոնում իրեն պրակտիկայում դրսեւորելու լիուլի հնարավորություն ունեցավ՝ այցելելով հրդեհված տարածքներ: Պարզվեց, որ մեր ԱԻՆ-ը անտառների հրդեհաշիջման տեխնիկայի հագեցվածության խնդիր ունի. օգնության հասան կամավորական ջոկատները, Զինված ուժերի տեխնիկական միջոցներն ու անձնակազմը, Խոսրովի արգելոցի հրդեհի ժամանակ՝ նաեւ ՌԴ հրդեհաշիջող ինքնաթիռը: Բնապահպանները քննադատեցին ԱԻՆ-ին ուշացած արձագանքի համար, պատուհասն էլ ստիպեց ԱԻՆ-ին մտածել տեխնիկական վերազինման մասին, ԱԻՆ-ում ստեղծվեց աշխատանքային խումբը, որը պետք է վերլուծեր հրդեհից քաղված դասերը։ Հարցին, թե արդյոք շատ էին բացթողումները, Տոնոյանն արձագանքել էր․«Չաշխատողները չեն սխալվում»: Վերադառնալով ԱԻ նախարարի պաշտոնում Տոնոյանի աշխատանքին` նշենք, որ ԱԻՆ տեղափոխվելուց կարճ ժամանակ անց մամուլում լսվեցին առաջին դժգոհությունները. Տոնոյանը կամայականորեն ազատվում է համակարգի հնաբնակ մի շարք կադրերից, ապարատը համալրում է ՊՆ-ից «բերած» իր «զորքով»՝ իր կողմից վստահություն վայելող կադրերով:

Понравилась статья? Поделиться с друзьями: