Ոչ ոք թող փորձ չանի հանկարծ դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին ներքաշել ընտրական պրոցեսների մեջ:

Ժողովրդի կամքի խեղաթյուրում և դրա վրա ապօրինի ազդեցություններ այս ընտրություններում չեն լինելու, այսօր խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա պատասխանեց Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցերին, թե արդյոք ընտրական ցուցակները հնարավորինս «մաքրվել են»:

«Ես նկատի ունեմ, որ ընտրություններն ստվերելու համար մեկը կարող է դիտավորությամբ մի տեղամաս մտնի ու ստվեր գցի այդտեղ: Բայց նա, իհարկե, իր համարժեք պատասխանը կստանա: Եթե խոսքը վերաբերում է ընտրական ցուցակներին, այո, ընտրական ցուցակների վրա և ՏԻՄ ընտրությունների ժամանակ, և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ աշխատանք կատարվել է և այսօր էլ կատարվում է: Այսօր առավոտյան ոստիկանության պետն ինձ զեկուցել է, որ հիմա ոստիկանությունը ցուցակների վրա աշխատում է, այդ թվում՝ թաղման բյուրոների հետ համագործակցությամբ, որովհետև նախկինում պարզվում է՝ մահացած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է այլ կառույցներից, և ուղիղ արձագանք թաղման բյուրոների հետ չի եղել, որոնք հենց առաջնային ինֆորմացիային տիրապետում են»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ եթե հարցը հետևյալն է, թե արդյոք այս ընտրություններին մենք կունենա՞նք կատարյալ ցուցակներ, ապա կատարյալ ցուցակ ասելը մի քիչ չափելի չէ, բայց որ անընդհատ ձգտում են կատարելության և մշտապես աշխատանք է արվում:

Ինչ վերաբերում է երկրից բացակայողներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բացակայողների անուններն ընտրական ցուցակներից հանելու օրենսդրական մեխանիզմ չկա: Այսինքն՝ մարդը Հայաստանի քաղաքացի է և ինքը պետք է լինի ընտրական ցուցակում: «Այլ հարց է, որ գաղափար կա Ընտրական օրենսգրքում հետագայում անել այնպիսի փոփոխություններ, որոնք տեխնիկական սպասարկում են ենթադրում, որ եթե մարդը հատեց ՀՀ սահմանը, ավտոմատ կերպով իր անունը դուրս բերվի ընտրական ցուցակներից և որ պահին վերադարձավ Հայաստան, ավտոմատ կերպով կրկին նույն ձևով կվերականգնվի ընտրական ցուցակներում: Բայց այսպիսի կատարելության հասնելու համար մենք կարիք կունենանք ստեղծելու մի այնպիսի մեխանիզմ, որպեսզի զրոյացնենք ընտրական ցուցակները և բոլոր քաղաքացիները գնան ու գրանցվեն ընտրական ցուցակներում, որպեսզի նրանք, ովքեր բացակա են, այդ պահից մեխանիզմն սկսի աշխատել: Բայց այսօրվա օրենսդրությունը մեզ նման հնարավորություն չի տալիս»,- նշեց նա:

Փաշինյանը հավելեց, որ երաշխավորում է՝ ովքեր առանց սեփականատիրոջ համաձայնության որևէ մեկին կգրանցեն տան վրա, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության: «Ես ուզում եմ ասել հետևյալը՝ ոչ ոք թող փորձ չանի հանկարծ դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին ներքաշել ընտրական պրոցեսների մեջ: Ոչ մեկ թող փորձ չանի որևէ վարչական լծակ օգտագործել, որովհետև մենք այդ երևույթի դեմ շատ հստակ պայքարելու ենք և հակազդելու ենք, անկախ նրանից, թե թեկնածուն որ կուսակցությունից կամ դաշինքից կլինի: Եվ մենք, այո, ունենալու ենք երրորդ հանրապետության պատմության լավագույն ընտրությունները»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: