ՀՀ պաշտպանության նախարարը բանակին փորձում է առանձնահատուկ փակ կառույցի կարգավիճակ տալ՝ արգելելով ցանկացած տեղեկատվության արտահոսք։
Մեր տեղեկություններով՝ վերջերս ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայությունը փորձել է ստուգումներ նախաձեռնել ՊՆ-ում, ինչը չափազանց դժկամությամբ է ընդունվել նախարար Դավիթ Տոնոյանի կողմից։ Ստուգումներից խուսափելու նպատակով նախարարը անձամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հետաձգել ստուգումները։ Իսկ կառավարության ղեկավարին էլ այլ ելք չի մնացել, քան բավարարել Տոնոյանի պահանջը։
Բայց, եթե վարչապետին հեշտ է եղել համոզել, ապա Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը չի համաձայնել՝ պնդելով, որ բանակում կոռուպցիան արմատախիլ անելը առաջնահերթություն է։ Գործին միջամտել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը կարողացել է Սանասարյանին համոզել հրաժարվել բանակը ստուգումների ենթարկելու գաղափարից։
ՊՎԾ պետի տեղակալ Հայկ Սարգսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց՝ ինքը նման տեղեկություն չունի, առաջին անգամ է լսում․ «Եթե դրա մասին խոսացած լինեին, դրա մասին լսած կլինեինք, ես բացառում եմ։ Ճիշտն ասած, իմ կուրացիայի նախարարությունը չի ՊՆ-ն, ես համակարգում եմ տնտեսական եւ տարածքային ոլորտները, ուրիշ տեղակալ է համակարգում ուժային կառույցները։ Բայց չեմ կարծում, որ նման բան լինի, որովհետեւ դրա մասին կիմանայինք։ Բացի դրանից, վարչապետն ասել է, որ հովանավորչություն չի լինում եւ չի կարող նման բան լինել, բոլորը պատասխան են տալիս օրենքի առաջ։ Դա գիտեք ինչի՞ հետ կարող է առնչվել․ բոլոր այն տեղերը, որտեղ քրեական գործեր են հարուցվում, ՊՎԾ-ն ստուգում չի իրականացնում։
Մենք ստուգում եւ ուսումնասիրություններ ենք իրականացնում մինչեւ այն պահը, երբ քրեական գործ է հարուցվում։ Եղել են հիմնարկներ, բանակի մասով չեմ ասում, որտեղ քրեական գործ է հարուցվել, մեր կառույցը դուրս է եկել, կարա էդպիսի դեպք լինի, երբ իրավապահ մարմինները ակտիվ աշխատում են, ՊՆ-ում արդի ստուգումներ են իրականացնում, կարող է լինել դա զուտ տեխնիկական։ Բայց դա իմ ենթադրությունն եմ անում, որ կարող է էդպես լինել»։
Հարցին՝ խնդրում ենք հստակ ասել Դավիթ Սանասարյանը ցանկացե՞լ է ստուգում իրականացնել, սակայն Տոնոյանը թույլ չի տվել, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Իմ ոլորտը չի, էդ իմաստով ես միայն ենթադրություններ եմ արել։ Նման տեղեկատվություն չկա, ես ձեզանից առաջին անգամ եմ լսում։ Բացառում եմ նման բան»։