ՈՒՇԱԳՐԱՎ՝Փաշինյանը Պուտինի հետ երկու շատ կարեւոր հարց պետք է քննարկի:ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կկայանան ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ ԱՊՀ վեհաժողովները: Դժվար զրույց է սպասվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով: Բայց, հնարավոր է, դա չի դառնա Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման գլխավոր թեման:

Մինչեւ Սանկտ Պետերբուրգ մեկնելը Հայաստանը փորձում է կարգավորել Ռուսաստանի հետ նուրբ խնդիրները՝ գազի գինն ու երկաթուղին: Այս հարցերն առնչվում են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, բացի այդ՝ դրանք մակրոտնտեսության համակարգաստեղծ բաղադրիչներ են:

Առաջին հարցով Երեւանն էներգետիկայի նախարարի եւ գազի հարցով խորհրդարանական հանձնաժողովի նախագահի շուրթերով փաստացի հայտարարել է, որ ռուսական գազի գնի նվազման տնտեսական հիմքեր կան: Ընդ որում, Հայաստանի էներգետիկայի նախարարը խոստովանել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ պայմանագիրը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին զրկում է սակագների վրա ազդելու հնարավորությունրից: Այսինքն, սակագների մասին որոշումներն ընդունվում են քաղաքական բարձր մակարդակով:

Այսպիսով, Հայաստանում սակագների պատասխանատվությունը փաստորեն դրվում է Պուտինի վրա՝ նրա որոշումից է կախված, թե Հայաստանի քաղաքացիները որքան կվճարեն գազի համար: Դա նշանակում է, որ այդ որոշումից է կախված Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Ռուսաստանի ղեկավարության հանդեպ:

Երկրորդ կարեւոր հարցը երկաթուղին է: Մինչեւ դեկտեմբերի 6-ի վեհաժողովը կայացել է Ռուսաստանի եւ Հայաստանի տրանսպորտի նախարարներ Եվգենի Դիտրիխի եւ Հակոբ Արշակյանի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ գործունեության հատ կապված հարցեր, որը Հայկական երկաթուղին կառավարում է 2008 թվականից:

Վերջին մի քանի շաբաթներին Հայաստանի կառավարության եւ ՀԿԵ միջեւ «փոխհրաձգություն» է տեղի ունենում: ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացրել ընկերությունում, ընկերությանը տուգանել են, որից հետո ՀԿԵ-ն հայտարարել է Փոթի-Կովկաս լաստանավային փոխադրումների ժամանակավոր դադարեցման մասին:

Նախարարների հանդիպումից հետո ռուսական լրատվամիջոցները մեջբերում են Հակոբ Արշակյանի խոսքը, ով ընդունել է, որ «ռուսական կողմը մեծ միջոցներ է ներդրել Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման մեջ»: Նա նաեւ ընդգծել է միջոցառումները, որոնք ձեռնարկվել են ուղեւորափոխադրումների զարգացման համար եւ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխշահավետ պայմաններով:

Մի խոսքով, Հայաստանը հայտարարել է, որ չի հրաժարվելու կոնցեսիայից, բայց պահանջել է, որ ՀԿԵ-ն կատարի ստանձնած պարտավորությունները ինչպես ներդրումների, այնպես էլ Կովկաս-Փոթի լաստանավային փոխադրումների ապահովման մասով:

Այս հարցերն առաջին հայացքից կապված չեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունների հետ, բայց Հայաստանը սկզբունքորեն կարող է համաձայնվել, որ Ռուսաստանի ներկայացուցիչը եւս մեկ տարի մնա այդ պաշտոնին: Եթե իհարկե, Ռուսաստանը համաձայնի լուծել գազի եւ երկաթուղու հետ կապված կարեւոր հարցերը: Թե այս, թե մյուս դեպքում հնարավոր է հարկ կլինի վերանայել համագործակցության մասին պայմանագրերը:

Եթե Փաշինյանին հաջողվի լուծել Ռուսաստանի հետ բարդ հարցերը գլխավոր քարտուղարի պաշտոնի «հաշվին», ապա կարող է ստացվել այնպես, որ Լուկաշենկոն եւ Նազարբաեւն ակամա օգնել են Հայաստանին՝ Փաշինյանին «հաղթաթղթեր» տալով Պուտինի հետ բանակցություններում:

Понравилась статья? Поделиться с друзьями: