ՈՒՇԱԳՐԱՎ՝ ժողովուրդը Մանվելի վրա կատաղած է․․․ Իսկ նա ժողովրդից ներողություն խնդրելու փոխարեն՝ գնացել է տուն ու հրավառություն արել»․․․

Արդեն երրորդ օրն է, ինչ մի քանի տասնյակ էջմիածինցիներ բողոքի ցույցեր են կազմակերպում ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության։ Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ Գրիգորյանը պետք է գտնվի անազատության մեջ։

Երեկ Էջմիածնում կազմակերպված ակցիային մասնակցում էր նաև ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, Մանվել Գրիգորյանի երբեմնի հակառակորդ Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)։ Նա ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Մանվել Գրիգորյանը լավ կանի՝ ինքնահրկիզվի, որ գոնե այդպես ներման արժանանա։ Այս հայտարարությունները բուռն քննարկման են արժանացել։ Հենց դրանց հետ կապված մի քանի հարց ուղղեցինք Հակոբյանին։

– Ինքնահրկիզվելը փոխաբերական արված արտահայտություն է եղել։ Ես չեմ ասել՝ գնանք հրկիզենք։ Ես առաջարկել եմ իրեն ինքնահրկիզվել, քանի որ ինքնահրկիզվելն ու ներողություն խնդրելը նույն իմաստն ունեն։ Եվ քանի որ նա այդքան համարձակություն չունի իր ժողովրդից ներողություն խնդրելու, ես առաջարկել եմ, որ որպես մարդ՝ գնա ինքնահրկիզման, որ ներման արժանանա։

Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը, ապա ես բաց չեմ թողել ու թողնում երբևէ որևէ ակցիա, որը վերաբերում է իմ քաղաքին, իմ ժողովրդին։ Ես միշտ իմ ժողովրդի կողքին եմ՝ անկախ այն բանից, թե ինչից են նրանք բողոքում՝ ջրի՞ց, Մանվելի՞ց, թե՞ ուրիշից։

 

– Պարոն Հակոբյան, Մանվել Գրիգորյանը տառապում է 16 հիվանդությամբ, այդ թվում՝ քաղցկեղով, որն անհամատեղելի է կալանքի տակ գտնվելու հետ։
– Գիտեք, ես անարդար եմ համարում, որ այսօր կալանքի տակ կան շատ ու շատ այլ հիվանդ մարդիկ, ավելի ծանր հիվանդություններով։ Բոլորս շատ լավ հիշում ենք Հաց բերող Արթուրին, երբ հասարակական լուրջ պահանջ կար նրան ազատ արձակելու։ Բայց իշխանություններն այնքան նենգ գտնվեցին, որ նրան այնքան պահեցին անազատության մեջ, մինչև որ նրա առողջությունը ամբողջությամբ քայքայվեց ու ավարտվեց Արթուրի մահվամբ։ Տեսեք, առաջին դեպքում մենք ունենք հերոս, որը վտանգելով իր կյանքը՝ հաց տարավ «ծռերին», իսկ երկրորդ դեպքում ունենք հաց գողացող։ Այսինքն՝ հաց բերող ու հաց գողացող։ Երկուսի դեպքում էլ հասարակությունը ցույց է տվել իր վերաբերմունքն ու դիրքորոշումը։ Մենք գիտենք, որ արդարադատությունը դատարաններն են իրականացնում, բայց քաղաքացին էլ իրավունք ունի իր կարծիքը հայտնելու, ու թող քաղաքական մեծամասնությունը տեսնի, թե ժողովրդի տրամադրությունները ուր են գնում։ Եվ չմոռանանք, որ երբ խոսում ենք արդարադատությունից, դատարանների անկախությունից, չմոռանանք, որ պարոն Փաշինյանը բազմիցս ասել է, որ դատական համակարգը կոռումպացված է։ Եվ մենք համակարծիք ենք նրա հետ։ Կոռումպացված դատարանը չի կարող արդար և ժողովրդի տրամադրություններին համապատասխան որոշում կայացնել
– Այսինքն՝ ուզում եք ասել, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը և՞ս փոփոխվել է կոռուպցիայի արդյունքում։
– Մարդուն երբ որ բանտարկում են, մարդը գնում է, մտածում է իր կատարած սխալների մասին, զղջում է, բայց Մանվելի պահվածքն այնպիսին  էր, որ նա չի զղջացել և կարծես արդարացնում է  իր արածները։ Իմ ասածը վկայում է  այն մասին, որ երբ ժողովուրդը մերժում էր իրեն, ինքը ազատ արձակվելուց հետո գնացել է իր բնակարան, ու հրավառություն են արել, սալյուտներ են բաց թողել։ Էդ ո՞ր արժանիքի համար էին սալյուտ կրակում։ Դրանից հետո, կարծում եք, ժողովուրդը պետք է ներե՞ր նրան։ Ժողովուրդը նրան կարող էր ներել, եթե նա ներողություն խնդրեր։ Բայց Մանվելը դա չարեց։ Փոխարենը, անտեսելով իր դեմ բողոքը, գնաց տուն, դհոլ-զուռնա բերեցին, դիմավորեցին, սալյուտ կրակեցին, թե իբր էջմիածինցիք Մանվելին սպասում են։ Մարդիկ ավելի շատ վրդովվեցին նրա այդ արհամարհական պահվածքից։ …նա եթե զղջացած լիներ, գլուխը կախած լուռ կգնար տուն։
– Դուք շարունակելո՞ւ եք մասնակցել ակցիաներին։
– Ես արդեն իմ խոսքն ասել եմ և՛ ակցիաներին, և՛ մամուլով։ Իսկ ժողովուրդը թող ինքը որոշի՝ շարունակո՞ւմ է, թե՞ ոչ։ Թող հայտնեն իրենց կարծիքը։ Հեղափոխություն է եղել, տրամադրություններ են փոխվել, ու մարդիկ ուզում են արտահայտվել։ Միգուցե դա Մանվելին տանի զղջման, որ նա ներողություն խնդրի իր ժողովրդից ու այլ ճանապարհներ չփնտրի։ Այլ ճանապարհները դատապարտված են անհաջողության։ Սեփական ժողովրդից ու հայրենիքից ներողություն խնդրելը նրա արժանապատվությունը կբարձրացնի։

Понравилась статья? Поделиться с друзьями: