ՈՒՇԱԳՐԱՎ՝ Պուտինի շնորհավորանքը Քոչարյանին ինչ մտքեր է հետապնդում:

Մոսկվայում երեկ տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանն առնչվող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեև հանդիպման մթնոլորտը դրական է եղել, սակայն չեն հասցրել բոլոր հարցերը քննարկել։ Գազի գնի հարցը նույնպես մնացել է անորոշ։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպմանը, նկատեց, որ հասարակությանը հուզող երկու կարևորագույն հարցերի՝ գազի գնի բարձրացման, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի ապագայի վերաբերյալ ո՛չ պաշտոնական Երևանը և ոչ էլ պաշտոնական Մոսկվան որևէ կերպ չարձագանքեցին, ինչը հօգուտ մեզ չէ։ Իսկ մնացած ամեն ինչ, ինչ լսեցինք Նիկոլ Փաշինյանից, Գագիկ Համբարյանը լիրիկա է համարում։

«Սրանք ընդամենը ցանկություններ են կենացների մակարդակի։ Հասարակությանը հիմա ավելի շատ հետաքրքրում է կոնկրետ գազի գինը, և սա վտանգավոր է մեզ համար նրանով, որ մենք 2019-ի հունվարի մեկից գազ ենք սպառելու՝ առանց կոնկրետ գնի, և ՀՀ իշխանություններից ոչ ոք չի երաշխավորել, որ եթե մեկ կամ երկու ամիս հետո կնքվի պայմանագիր, ապա այդ պայմանագիրը հետին թվով չի ամրագրելու նաև գազի գինը։ Հիշում եք, թե ինչպես ժամանակին Հայաստանը «Գազպրոմ Արմենիայում» կորցրեց իր բաժնետոմսերը։ Եվ մենք բոլորս զարմանում էինք այն ժամանակ, թե այդ 300 միլիոն դոլարի պարտքերը որտեղից են գոյացել։ Եվ Հայաստանի իշխանություններն այդ պարտքը մարելու համար տալիս են պաշտոնական Երևանի կողմից վերահսկվող բաժնետոմսերը «Գազպրոմ Արմենիային»։ Հենց այսպիսի դեպքերն են պատճառը, որ Հայաստանը խնդիրներ է ունենում։ Սա կարևորագույն հարց է, քանի որ վերաբերում է հասարակության 100 տոկոսին։ Պարոն Փաշինյանը իր 12 րոպեանոց հաշվետվության մեջ ընդամենը մի քանի վայրկյան տրամադրեց գազի գնին, ինչը շատ տարօրինակ էր»,- ասաց քաղաքագետը։

Հաջորդ կարևոր խնդիրը, ըստ նրա, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին է առնչվում. սա շատ կարևոր է մեր միջազգային վարկանիշի համար։ «Եվ ամենավատը այն կլինի, եթե այդ պաշտոնը ստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։ Ամենաընդունելի տարբերակը գոնե այս պարագայում, երբ Հայաստանը վերջնականապես է կորցրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որովհետև ես չեմ կարծում, որ այդ ամենից հետո նշանակվի Հայաստանի ներկայացուցիչը, գոնե մեկ տարի պետք է ղեկավարի Ռուսաստանի ներկայացուցիչը՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Այլ տարբերակով շատ վատ է մեզ համար, եթե Բելառուսի ներկայացուցիչը ղեկավարի այդ ռազմաքաղաքական կառույցը։ Մինչև 2020 թվականը այդ պաշտոնում պետք է լիներ ՀՀ ներկայացուցիչը, և այդ ամենի պատճառը ՀՀ իշխանությունների զգացմունքային և անհեռատես արտաքին քաղաքականությունն է, որի արդյունքում հայտնվեցինք այդ վիճակում։ Կրկնում եմ՝ հարցը կոնկրետ Խաչատուրով անձը չէ»,- հավելեց քաղաքագետը։

Այս հանդիպումից որևէ արդյունք, Գագիկ Համբարյանի գնահատմամբ, չկար, ավելին՝ Փաշինյան-Պուտին հանդիպումից ընդամենը ժամեր անց Պուտինը իրեն բնորոշ դիվանագիտական ոճով արձագանքել է իր հանդիպմանը ՀՀ վարչապետի հետ, շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ՝ վերջինիս մաղթելով քաջառողջություն, ոգու ամրություն և տոկունություն։ Սա, ըստ քաղաքագետի, պատահական շնորհավորանք չէ, սա դիվանագիտական մեսիջ է պաշտոնական Երևանին, որ Մոսկվան դժգոհ է երեկ՝ դեկտեմբերի 27-ին, տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքներից, և սա մտորելու տեղիք է տալիս։

«Ես շատ-շատ ուրախ կլինեի, որ Հայաստանը թրամփյան արտաքին քաղաքականություն վարեր, բայց, ինչպես կասեր գյումրեցին, մենք պետք է մեր ոտքը մեր յորղանի գյորա երկարացնենք և չստեղծենք մեր գլխին ավելորդ խնդիրներ՝ հաշվի առնելով, թե մենք ինչ տարածաշրջանում ենք, ինչ հարևանություն ունենք, և ինչ վտանգներ կան այս ամենում»,- հավելեց քաղաքագետը։

Ավելին, ըստ նրա, Պուտին-Փաշինյան այսքան ինտենսիվ հանդիպումները ցույց են տալիս, որ Փաշինյանի հետ հարաբերություններում Մոսկվան խնդիրներ ունի։

Понравилась статья? Поделиться с друзьями: