Հանրապետական կուսակցությունն ընտրել է խորհրդարանի արտահերթ ընտրության իր նախընտրական կարգախոսը՝ Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին: Խորհրդարանի ընտրության կարգախոսը արդեն հասցրել է սոցցանցերում դառնալ լայն քննարկումների, հումորի առարկա:
Դրա հիմք է ոչ միայն կարգախոսի բովանդակությունը, այլ նաեւ գունային ձեւավորումը՝ սեւ-սպիտակ: Փաստացի, ՀՀԿ-ն ըստ էության ընտրեց «սեւ հինգշաբթին», որպես կարգախոսի ազդարարման օր: Խորհրդանշական է իհարկե, մի շարք առումներով:
Մյուս կողմից, սոցցանցային քննարկումներից դուրս, ՀՀԿ կարգախոսը հասկանալի է եւ ցույց է տալիս, թե ինչի վրա է աշխատելու այդ միավորը եւ ում է դիտարկում իր մրցակից: ՀՀԿ-ն մրցակից է դիտարկում բոլոր ուժերին՝ Իմ քայլը դաշինքից բացի: Դա էլ իհարկե զարմանալի չէ, եւ այդ մասին առիթ եմ ունեցել արտահայտվել մի քանի անգամ:
Կա Իմ քայլը դաշինքը, որի ճնշող հաղթանակը կասկած չի հարուցում: Մյուս ուժերը պայքարում են սահմանադրական 1/3-ի համար: Բավական բարդ գործ է, հաշվի առնելով այն, որ իրականում ազատ տարածությունն այդքան չէ, այսինքն այդքան չէ ազատ քվեների տիրույթը, այն շատ ավելի փոքր է: Համենայն դեպս սպասվում է, որ Իմ քայլը դաշինքը կկրկնի առնվազն Երեւանի Ավագանու ընտրության արդյունքը, եւ կմնա ազատ մոտ 20 տոկոս ձայն, ու դրան հավակնող 10 ուժ:
Դրան ավելանում է նաեւ քվեարկության տրամաբանությունը, որտեղ գերիշխելու է թերեւս երկու հանգամանք՝ սեգմենտ, որը քվեարկելու է հեղափոխության հաղթանակը վերջնականապես եւ ամբողջապես ամրագրելու անհրաժեշտության գիտակցումով, եւ սեգմենտ՝ որը քվեարկելու է հեղափոխության դեմ, հեղափոխությամբ մտահոգված: Շերտեր, որոնք «այլընտրանք» են փնտրելու, հազիվ թե շատ լինեն, քանի որ բոլորն են հասկանում, որ խնդիրը դեկտեմբերի 9-ին լիովին այլ է:
Այդպիսով, ՀՀԿ-ն էլ թիրախավորել է մտահոգվածներին, ուղերձ հղելով, որ, եթե մտահոգված եք, ապա ընտրեք ՀՀԿ-ին: Այլ հարց է, թե արդյոք հեղափոխությամբ դժգոհները նախկին համակարգից գոհերն են: ՀՀԿ-ն թերեւս համարում է, որ այդպես է, եւ մտածում, թե այդ դեպքում ինչու՞ չպետք է քվեարկեն ՀՀԿ օգտին, այլ որեւէ մեկի: Չէ՞ որ հենց ՀՀԿ-ն է նախկին համակարգը:
Իհարկե, կան մարդիկ, որոնք ՀՀԿ օգտին քվեարկում են որպես փորձառու, կոմպետենտ եւ այլն ընդդիմություն, կամ այլընտրանք: Ձեւակերպումների առումով անշուշտ կարելի է եւ այդպես: Պարզապես ՀՀԿ-ից միակ իրական փորձառուն,- ոչ թե ֆունկցիոներները, որոնք սպասարկում էին փորձառուին, այլ միակ իրական փորձառուն չի մասնակցում ընտրությանը: Իսկ իշխանությանը նա հրաժեշտ է տվել այլ կարգախոսով՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ: Հանրապետականը իր նոր կարգախոսով փաստորեն մերժեց Սերժ Սարգսյանի կարգախոսը:
Թեեւ, կար իհարկե մեկ այլ փորձառու էլ, բայց որին հենց դրա համար՝ որպես միակ փորձառու մրցակից, իշխանությունից ու ՀՀԿ-ից հեռացրել էր ամենափորձառուն՝ 2015 թվականի փետրվարին դե ֆակտո, իսկ 2016 թվականին՝ դե յուրե: Խոսքը Հովիկ Աբրահամյանի մասին է: Սերժ Սարգսյանը լավ գիտեր, որ իրենից բացի նա էր միակ փորձառուն, որ կարող էր իշխանության հարցում լինել մրցակից եւ նույնիսկ հաղթել իրեն:
Այլ փորձառու ՀՀԿ-ում չկար եւ չկա, որովհետեւ օրինակ Վիգեն Սարգսյանն ինքն է խոստովանում, որ Սերժ Սարգսյանը մնաց վարչապետ, որ իր փորձը փոխանցի: Հազիվ թե 5 օրում նա հասցրած լիներ ինչ որ բան փոխանցել այդ առումով: