ՈՒՇԱԳՐԱՎ՝ Օսիպյանը՝ Մանվել Գրիգորյանի դեմ ակցիա անողներին. Հավաքվեք հրապարակում և բոլորին ցույց տվեք, թե որքան մարդ է դեմ այս ամենին.

Հավաքվեք հրապարակում եւ ցույց տվեք, թե ինչքան մարդ է դեմ այս ամենին, բայց ճանապարհ փակելը եկեք բացառենք: Այս մասին Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու դեմ բողոքի ակցիա իրականացնողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Վերջինս ընդունել էր ակցիայի մի խումբ մասնակիցների:

Օսիպյանը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ հայտարարել է, որ բողոքարկելու են այդ որոշումը. «Եթե դուք հիմա փողոցում շարունակեինք լինել, էնպես չի, որ միանգամից Մանվել Գրիգորյանին գալու էին կալանավորեին: Դա գործընթաց է: Պետք է վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի»,-ասաց Օսիպյանը՝ հավելելով. «Դուք ձեր ակցիան արեցիք, այն իր արդյունքը տվել է: Կոչ եմ անում ձեզ առաջնորդվեք միայն օրենքներով: Ձեր ակցիան համարենք կայացած, հետագա գործողությունները էլ ավելի թող բխի օրենքից. հավաքվեք տասնյակ հարյուրավոր, հազարավորներով հրապարակներում:  Եկեք ողջ աշխարհին ցույց տանք, որ նոր Հայաստանում կան այնպիսի երիտասարդներ, ինչպիսին դուք եք, որոնք տիրապետում են օրենքներին, հարգում են մյուսների իրավունքները: Ոչ ոք իրավունք չունի սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի իրավունքը, եկեք այս պրակտիկային վերջ տանք»:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ամբողջ խնդիրն այն է, որ եթե դատարանը 25 մլն դրամի դիմաց ազատ է արձակել Մանվել Գրիգորյանին, դա վատ նախադեպ է. «Մի մարդու, ով դիկտատուրայի ռեժիմ էր սահմանել Էջմիածնում, մարդկանց էր ձերբակալված պահում, ուներ արսենալ եւ հանրության համար վտանգավոր մարդ էր: Եթե առողջական պատճառով են ազատ արձակել, էդ դեպքում՝ մարդուն տանում են հիվանդանոց: Ժողովուրդը այդ ամենը շատ լավ տեսնում է: Եթե զարգացումները գնան ոչ քաղաքացիների սրտով, մենք շարունակելու ենք մեր պայքարը: Այո, մենք փակել ենք ճանապարհները եւ գուցե էլի փակենք»:

Օսիպյանը տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանն այս պահին Ակնալիճում է, որտեղ ոստիկանները շուրջօրյա ծառայություն են իրականացնում:

Ի վերջո, կողմերը համաձայնության եկան, որ կփորձեն այնպես անել, որ բանը չհասնի ճանապարհ փակելուն, բայց վերջնական որոշում դեռ չունեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: